Անդրանիկ Քոչարյանը դիմել է ԱԺ նախագահին՝ Քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարաձգելու առաջարկով

168.am գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է ապրիլի 5-ին, այն երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընդունած որոշմամբ:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է երկու անգամ՝ հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել մինչև վեցական ամսով:

Եվ քանի որ մամուլում ակտիվ շրջանառվում են Քննիչ հանձնաժողով հնարավոր հրավիրյալների անունները, մասնավորապես՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, ուստի մենք ապրիլի 14-ին հարցում ենք ուղարկել  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` պարզելու՝ արդյո՞ք հանձնաժողովը ներկայացրել է ժամկետը երկարացնելու առաջարկ, իսկ եթե ոչ, ապա ե՞րբ է պատրաստվում ներկայացնել:

Ապրիլի 17-ին Անդրանիկ Քոչարյանի ստորագրությամբ մեզ ուղարկված գրության մեջ այս հարցին ի պատասխան՝ նշվում է.

Կարդացեք նաև

«Ի պատասխան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հասցեագրված Ձեր հարցումի, հայտնում եմ, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները երկարաձգելու վերաբերյալ առաջարկն ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի ներկայացվել է ԱԺ նախագահին:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետի, այն կընդգրկվի ՀՀ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ»:

Նշված հարցից բացի, 168.am-ն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովին ուղարկած իր հարցման մեջ ընդգրկել էր նաև հետևյալ հարցադրումները՝

– 42 մլն դոլարի զենքի գործով անցած, կալանավորված, այնուհետև ազատ արձակված ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԷՊ զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանն ընդգրկվել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ, արդյո՞ք նա այսօր ներգրավված է նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Առհասարակ, քանի՞ փորձագետ կա հանձնաժողովում, քանի՞ արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ, ովքե՞ր են նրանք: 44-օրյա պատերազմում զոհված քանի՞ զինծառայողի հարազատ է մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, եթե կարելի է, խնդրում ենք ասել՝ ո՞ւմ հարազատներն են:

– ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, երբ որոշեց չմասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, դա պատճառաբանեց, որ խաղի կանոններ են փոխվել: Նա, մասնավորապես, Ստեփանակերտում անցած տարի հրավիրած հավաքի ժամանակ ասել էր.

«Մենք պայմանավորվել էինք, որ նախարարությունում մի փոխնախարար լինի, որ ամբողջ փաստաթղթերը ներկայացնեն, որոնք մեզ՝ հանձնաժողովին, պետք են գալու: Սկզբում համաձայն են եղել, հետո, երբ եկել է ռեալ պրակտիկ փուլը, հրաժարվել են դրանից, թե՝ մենք պիտի մեր ուզած ձևով անենք, ես էլ ասել եմ՝ էդ դեպքում չեմ մասնակցում: Ես չեմ կարող, երբ վստահ չեմ, մտնեմ էդ հանձնաժողովի մեջ և իրականացնեմ ինչ-որ մարդկանց ցանկություններ»:

– Սամվել Բաբայանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ ՀՀ ԶՈՒ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, հրամաններ կեղծում»:

Դուք մի առիթով հրապարակավ ասել եք, որ բազմաթիվ փաստաթղթեր եք հավաքել, հրաման կեղծելու վերաբերյալ որևէ տեղեկություն ունե՞ք, նման հարց քննարկվե՞լ է փակ հանդիպումների ժամանակ, երբ քննիչ հանձնաժողով եք կանչել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանին:

Այս հարցերին Անդրանիկ Քոչարյանն առանձին և հստակ պատասխաններ չի տվել և սահմանափակվել է՝ նշելով.

«Մյուս հարցադրումներին ի պատասխան, հայտնում եմ, որ հանձնաժողովն իր աշխատանքն իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»:

Սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ մեր, ըստ էության, անպատասխան մնացած հարցադրումներում առկա տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, կամ առնվազն չի հերքվել, թերևս, այո:

Իսկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները մտել են վճռական փուլ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում արդեն լսել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին, երկու անգամ՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, հրավիրվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս