«ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան կոմպրոմիսների, երբեմն՝ ցավոտ լուծումների գործնական իրագործումը». Փաշինյանի ակնարկը

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նրա խոսքով՝ պետք է անդրադառնալ ո՛չ միայն 2022 թվականի արդյունքներին և խնդիրներին, այլև ապագայի այն նախագծին, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է ՀՀ ժողովրդին: Իսկ մինչ այդ Փաշինյանը խոսեց լավատեսությունից.

«Ուզում եմ անդրադառնալ լավատեսությանը, որովհետև ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Եվ ուրեմն առանցքային հարցը հետևյալն է:

Փոթորկալի այս ժամանակներում կա՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ո՛չ միայն խոսելու, ո՛չ միայն նախագծելու, այլև այդ ապագան կառուցելու և իրագործելու համար:

Կարդացեք նաև

Իմ պատասխանը միանշանակ է և աներկբա՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների՝ ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո՛, կա՛, և ես վստա՛հ եմ դրանում:

Լրահոսը նման վստահություն, իհարկե, չի՛ տալիս, հանրային քննարկումները նման վստահություն չե՛ն տալիս, միջազգային իրադրությունն առավել ևս նման վստահություն չի՛ հաղորդում, բայց հե՛նց այսօր, հե՛նց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55.000 բնակարանի կառուցման գործընթաց: Սա ՀՀ-ի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է,  բազմաբնակարան շենքերում բնակելի ֆոնդի 12.2 տոկոսը: Երրորդ Հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք այսպիսի ծավալներ չի՛ ունեցել, և այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլև միջին խավը, որը Կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու և իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել:

Ընդ որում, 2022 թվականի արդյունքներով բնակարանի ձեռքբերման դեպքում ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի տոկոսների եկամտային հարկից վերադարձի ծրագրի շահառուների թիվը կազմել է 29.197 մարդ, որը 2021 թվականի ցուցանիշը գերազանցել է 8277 անձով կամ 39.5 տոկոսով, իսկ 2018 թվականի ցուցանիշը՝ 25.176 անձով կամ 626 տոկոսով»:

Փաշինյանի խոսքով՝ ինքը շատ է մտածել նշված թվերի մասին՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ են նշանակում դրանք.

«Սահմանային անկայունության, ՀՀ-ի անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում: Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, ի՞նչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը: Իմ գնահատմամբ՝ դա նշանակում է և կարող է նշանակել միայն 1 բան՝ մարդիկ հավատացել են Կառավարության «խաղաղության» օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու և արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէ՛ր ունենա բնակարան ձեռք բերել, առավելևս՝ բնակարան կառուցել: Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության՝ «Ապագա կա՛» կարգախոսին…

Պիտի ընդգծեմ նաև մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք կասկածով են վերաբերվում այդ ապագային, և այդ պատասխանատվությունն այս պատմական ժամանակաշրջանում ունի և կարող է ունենալ միայն 1 արտահայտություն՝ «խաղաղություն», ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ մեր բոլոր 4 հարևանների հետ: Ու քանի որ Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ առավել խորացման խնդիր ունենք, խաղաղություն ուրեմն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Հարցերի հարցը, իհարկե, հետևյալն է, իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի, ընդ որում, այս հարցն ունի 2 երես, 1-ինը՝ քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանով Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը կլինեն խաղաղությանը միտված: 2-րդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական, դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, այդ կոմպրոմիսները որքանով ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանով թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն՝ ցավոտ լուծումների գործնական իրագործումը: Բայց սա նույնպես մեր պատասխանատվությունն է, և մենք պետք է մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք Հայաստանի քաղաքացիներին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս