
Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել․ Արթուր Դավթյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, ով Անթալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալը, ընդգծում է, որ պայքարը Եվրոպայի առաջնությունում շատ բարդ էր։
Դավթյանը նշեց, որ հենացատկի վարժությունում բարդ պայքար էր ծավալվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հետ:
«Հենացատկում ինձ հաջողվեց անել այն, ինչը կատարում եմ մարզումների ժամանակ: Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա հաղթել: Ուրախ եմ նաև, որ Թուրքիայում կարողացա մեր դրոշը բարձրացնել: Բայց այստեղ կարևորը վայրը չէ, այլ այն, որ հաղթում ես ամբողջ Եվրոպայում»,-ասաց նա:
Անդրադառնալով նժույգ-թափերի վարժությունում իր գրանցած արդյունքին և հավաքականի մյուս անդամների անհաջողությանը՝ Դավթյանը ցավով նշեց, որ հավաքականի մյուս անդամները չկարողացան այդ վարժությունում եզրափակիչ դուրս գալ։ «Բայց ինձ գոնե հաջողվեց վարժությունը «մաքուր» կատարել: «Մաքուր» կատարման հաշվին էր, որ դարձա բրոնզե մեդալակիր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձել է առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: