Երևի մոռացել եք՝ Բաքվում ագրեսիվ կոչ էին անում շշեր ջարդել Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի գլխին, բողոքի ակցիաներ կազմակերպում նրանց այցի դեմ

Երեկ Մարզահամերգային համալիրի բեմում ոճաբան Արամ Նիկոլյանի իրականացրած խորհրդանշական ակցիայի և դրա շուրջ որոշ շրջանակներում առաջացած հիստերիայի, քաղաքակրթության դասերի ֆոնին հարկ է հիշեցնել 2017 թվականի սեպտեմբերին Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի այցը Բաքու։

2017թ. սեպտեմբերի 21-ին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում մասնակցում էին Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Պատվիրակության անդամներն այցից հետո պատմել էին, թե հոգեբանական ինչ մթնոլորտում, ինչ հետապնդումների ու բողոքի ակցիաների պայմաններում է անցել իրենց այցն Ադրբեջանի մայրաքաղաք։

Նույնիսկ Ադրբեջանում պաշտոնական մակարդակում առանձին քննարկման առարկա էր դարձել Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի հրապարակած լուսանկարը Բաքվից սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, որը հայ պատգամավորները խորհրդանշական կերպով փորձել էին տոնել հյուրանոցի իրենց համարում։

Կարդացեք նաև

Գավաթներով լուսանկար հրապարակելով՝ Արմեն Աշոտյանը գրել էր․ «Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ՝ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»:

Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի այն ժամանակվա անդամ Ռաֆայել Ջաբրայիլովը կարծիք էր հայտնել, որ հայ պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը դիտավորյալ են լուսանկարվում Բաքվում՝ ձեռքներին՝ լցված բաժակներ, և այդ լուսանկարները տարածում համացանցում։

«Հայ պատգամավորներն այս կերպ փորձում են զայրացնել ադրբեջանական հասարակությանը և դիվիդենտներ վաստակել իրենց ընտրողների շրջանում։ Ինձ թվում է, որ նման լուսանկարներով նրանք միտումնավոր սադրում են ադրբեջանցիներին, որպեսզի ինչ-որ մեկը չդիմանա և բռունցքներով հարձակվի հայերի վրա։ Հայ պատգամավորները գավաթները ձեռքներին լուսանկար են արել հյուրանոցի իրենց համարում։ Եթե նրանք նստած լինեին ռեստորանում և իրենց ոչ պատշաճ պահեին այնտեղ, ապա ինչ-որ ադրբեջանցի, անշուշտ, ալկոհոլի շիշը կջարդեր նրանց գլխին։ Անկեղծ ասած, եթե դա տեղի ունենար, ինձ համար սրտի սփոփանք կդառնար»,- ասել էր այդ պատգամավորը։

Այդ ընթացքում մի շարք կազմակերպություններ նաև սպառնալիքներով, ագրեսիայով լի բողոքի ակցիաներ էին անցկացրել Հայաստանի խորհրդարանի պատգամավորների Բաքու այցի դեմ։ Ակտիվիստները հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ հայ խորհրդարանականների մասնակցությամբ միջոցառում էր անցկացվել։ Ցուցարարները վանկարկել էին «Ամո՛թ նրանց, ովքեր հրավիրել են հայերին», «Հայերը պետք է անհապաղ հեռանան Բաքվից»։ Ակտիվիստները նույնիսկ ոտքերի տակ էին առել Հայաստանի Հանրապետության դրոշը՝ փորձելով այն այրել։

Տեսանյութեր

Լրահոս