«Փաշինյանի դուրս տված հիմարությունները մեզ վրա շատ թանկ կարող են նստել. կորուստներն ահռելի են լինելու, ավելին, քան 44-օրյա պատերազմի ժամանակ էր». Հայկ Նահապետյան
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այն կարծիքին է, որ Տեղ գյուղի զինված ագրեսիան կարող է երրորդ կողմից հրահրված լինել:
«Մինչև ադրբեջանցիների դիրքից մեքենայի մոտենալը մեր դիրքերին, որտեղ նաև շինարարական աշխատանք կատարող տեխնիկա էր, երկու խումբ էին դեմ դիմաց կանգնած. մի խումբն ադրբեջանցիներ էին՝ թվով ավելի քիչ, և ավելի շատ՝ հայկական: Նրանք եկել էին ոչ թե արգելելու ինժեներական աշխատանքներ կատարել, այլ՝ բացատրելու:
Եթե խնդիր ունենային, որ հայկական կողմն այնտեղ աշխատանք չկատարեր, այդ աշխատանք կատարող անձինք և նրանց անվտանգությունը պահող մեր զինծառայողները, որոնք զոհվեցին, նրանց նկատմամբ կարող էր զենք կիրառել: Այսինքն՝ եթե Ադրբեջանը խնդիր դներ, որ այդ աշխատանքներն այդպես դադարեցներ, կկրակեին: Չեն կրակել, եկել են խոսելու: Ճիշտ է, կարծես թե այս իշխանությունների օրոք այդ խոսելը փողոցային ռազբորկայի տպավորություն է թողնում, բայց այնուամենայնիվ, ադրբեջանցիներն էին եկել մեզ մոտ՝ բանակցելու: Ճիշտ է, իրենք զինված էին, բայց հայկական կողմն էլ էր զինված: Այդ լարված վիճակում կարող էին կա՛մ հայկական կողմի, կա՛մ ադրբեջանցի զինծառայողների նյարդերը տեղի տալ և կրակեին, բայց չեմ բացառում, որ երրորդ կողմից կրակոց լինի»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ կան պետություններ, որոնք շահագրգիռ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումներ տեղի ունենան:
«Այդտեղ եղել են հայերը, ադրբեջանցիները, հեռվից կարող էր դիպուկահար աշխատել: Տարբեր հակամարտությունների տարածքներում նման դեպքեր եղել են՝ բանակցությունները ձախողելու կամ լարումներ առաջացնելու համար»,-ասաց նա:
Հարցին՝ բայց այս դեպքում ո՞վ գիտեր, որ ադրբեջանցիները գալու են բանակցելու, որ մի հատ էլ երրորդ կողմը դիպուկահար բերեր, նա պատասխանեց. «Ո՞վ է այսօր Հայաստանի սահմաններում անարգել դիտարկումներ անում՝ ԵՄ դիտորդները»:
Դիտարկմանը՝ ԵՄ դիտորդները միայն հեռադիտակներ ունեն, նա արձագանքեց. «Դա իրենք են ասում, այդ 100 հոգին իրենք բոլորը հատուկ ծառայությունների և բանակի որոշ կառույցների ներկայացուցիչներ են: Այդ միամիտների համար է, երբ ասում են, որ գալիս են խաղաղություն ապահովելու, նրանք կոնկրետ խնդիր են լուծում, ունեն մարտական խնդիր: Եթե ադրբեջանցիները կրակելու խնդիր ունենային, հեռվից կկրակեին, հո մահապա՞րտ չեն: Թեպետ, ես չեմ բացառում, որ նյարդերն իսկապես տեղի տային և այդ ժամանակ կրակեին: Ամենահավանականը երրորդ կողմի վարկածն է, որովհետև այստեղ կա շահառու, որը ցանկացած պահի այստեղ փորձում է իրավիճակ սրել: Սա մեղադրանք չէ, կարծիք է՝ հաշվի առնելով այդ կարգի դիտորդների գործունեությունն այլ տարածաշրջաններում»:
Հայկ Նահապետյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ընդունի ՀԱՊԿ առաքելության տեղակայումը.
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը իր բոլոր լծակներն օգտագործում է Փաշինյանի և նրա թիմակիցների նկատմամբ, որպեսզի այդ փաստաթուղթը չստորագրվի: Փաշինյանը որքան էլ իր գործի մեջ դիլետանտ լինի, պարզ է, որ երբ մեկը գալիս է քեզ պաշտպանելու, դու պետք է խնդրես ժամ առաջ, որ գա: Անտրամաբանական է այն հիմնավորումը, թե ՀԱՊԿ-ը իր պատասխանատվության գոտին չի ֆիքսում. Այդ ինչ հիմարություններ է դուրս տալիս: Ես հասկանում եմ, որ իր ամենալավ ցանկությունների դեպքում էլ Արևմուտքն ունի չափազանց լավ լծակներ և՛ իր, և՛ իր քաղաքական թիմի նկատմամբ, դրա համար այսպես փորձում են մանևրել, իբր հիմնավորել, թե ինչու չեն ստորագրում, իսկ դա մեր վրա շատ թանկ կարող է նստել՝ հայրենիքի մի մասի կորուստ, հսկայական զոհեր՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական շրջանակներում, դրանից հետո դեռ հարց է՝ ինքն ու ՔՊ-ի ընկերները, նրանց ընտանիքները Հայաստանում ո՞նց են ապրելու: 5000 զոհ չի լինելու, ինչպես Արցախում, այստեղ կորուստներն ահռելի են լինելու: Եթե 5000 զոհն Արցախում էր, Հայաստանի բնակիչների մի մասը քարոզչության տակ էր, ասում էր՝ Արցախը մեզ ի՞նչ, բայց այս դեպքում Հայաստանի տարածքների կորուստ է լինելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում