Ի՞նչ ա նշանակում, 13 տարի սպասենք, շենքը սարքվի՝ ասեն տուն չունեք.ո՞նց կլինի այդպես. Ֆիրդուսի բնակիչ
Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ապրիլի 14-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։
«3 տարի է, տնից դուրս եմ եկել, վարձով եմ մնում, որովհետև 2010թ. պայմանագիր ենք կնքել, այդ ժամանակ ընտանիքում 5 հոգով էինք, 13 տարի անցել է՝ դարձել ենք 15: Բնականաբար, տեղ չենք անում այդ տանը, դուրս եմ եկել ստիպված, վարձով եմ ապրում: Ի՞նչ ա նշանակում՝ 13 տարի սպասենք, շենքը սարքվի, ասեն՝ տուն չունեք: Այդպես ո՞նց կլինի: Պայմանագիր ենք կնքել, որ վաղը դատարան տա՞նք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիրդուսի բնակիչ Գսպոյան Վլադիմիրը:
Հավելենք, որ դեռ 2015 թվականին կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տուն և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է հռչակվել 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվել է նաև 2018 թվականի մարտի 22-ին: