Բաժիններ՝

Հասկացանք, որ շատ ծառեր կորցրել են կենսունակությունը, բայց մեկումեջ պետք է պահեին, որ ամառը կարողանայինք անցկացնել. Մարիամ Խաչատրյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այսօր վաղ առավոտից մեկնարկել է Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց միջանկյալ հատվածի ծառերի փոխարինումը: Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ կենսունակությունը կորցրած, հիվանդ թեղիների հատումից անմիջապես հետո տեղում տնկվել են մոտ 15 տարեկան գնդաձև սոսիներ: ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ գործընթացը կարևոր է մայրաքաղաքի կանաչ ֆոնդի առողջացման, երիտասարդացման համար: Տվյալ հատվածում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 50 ծառ:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրականացվում է կենսունակությունը կորցրած Թեղի տեսակի ծառատեսակների փոխարինումը ավելի ֆունկցիոնալ սոսի տեսակի ծառատեսակներով, որոնց կյանքը բավականին երկար է՝ մի քանի հարյուր տարի, ի տարբերություն թեղիի, որի կյանքը 60-80 տարի է։

»Թեղի տեսակի ծառերը սաղարթ չունեն, չեն ձևավորում: Նրանք, ինչպես բնության մեջ ամեն բան, ապրել են իրենց կյանքը, և մեր այս գործողություններն ուղղված են մեր բնակչության առողջությանը: Երևանում օդի վիճակն այնքան էլ լավ չէ, և փոշու քանակությունը օդի մեջ, և մենք կարծում ենք, որ հրատապ կերպով այս կանաչ տարածքները, որոնք զբաղեցված են գրեթե ոչնչով, ոչինչ չանող ծառերի բներով, մենք այդ ծառերի բները հիմա հեռացնում ենք այստեղից և կանաչ տարածքները զբաղեցնում ենք ծառերով: Ելնելով Օպերայի շենքի կարևորությունից՝ որոշել ենք, որ սոսիների գնդաձև տեսակները լինեն: Սրանք արդեն 15 տարեկան ծառեր են, տեղադրման պահից սկսելու են կատարել իրենց ֆունկցիան»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետք չէր ամբողջ ծառերը հատել:

Կարդացեք նաև

«Հասկացանք, որ շատ ծառեր կորցրել են կենսունակությունը, բայց մեկումեջ պետք է պահեին, որ ամառը կարողանայինք անցկացնել: 3-4 տարի հետո այս նոր ծառերը կմեծանային, նոր մնացածը կկտրեին: Այսպես անապատ է լինելու: Սակայն, եթե վերցնում ու մասսայական կտրում են, կարող են կանաչ տարածքների վերակազմակերպում անել և երթևեկելի հատվածի մասով որոշ տեղերում փոփոխություն կատարել, որի արդյունքում կանաչ տարածքները կավելանան: Ի դեպ, տեղեր էլ կան, փոխանակ կանաչապատեն՝ կառուցապատում են, վառ օրինակ դեպի Պոլիտեխնիկ գնացող հատվածը»,- նշեց Մարիամ Խաչատրյանը:

Բնապահպան Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ծառահատմանը՝ գրել է. «Տեսեք, ինչ հանճարեղ որոշում են կայացրել մեր քաղաքային իշխանությունները։ Հեսա ամառն եկավ մայթերին նաև փչովի, կամ ինչո՞ւ չէ` մարմարե ջրավազաններ կդնեն, անպայման զիզի-բիզի նախշերով, որ մեզ բնորոշ չէ, անցնել-դառնալուց հենց շոգին չդիմանանք` կմտնենք մեջը, կզովանանք, ու արևի տակ կչորանանք: էլ ի՜նչ ծով, ի՜նչ ավազ, մեր ասֆալտն ինչո՞վ է պակաս։ Համ էլ, մտածե’ք, փողոցներին ինչքա՜ն օգուտ է` արևից ասֆալտը, քանի որ էլ ստվեր չի լինի, այնքան կտաքանա, որ ճաքերը կսոսնձվեն, ու ընտիր որակի ասֆալտ կունենանք։ Ի միջի այլոց, մոծակների մասին էլ են մտածել։ Ուրեմն, միջատները (տվյալ դեպքում հեչ կարևոր չէ, թե որոնք) նպաստում են փոշոտմանը, իսկ մենք` երևանցիներս, ի՞նչ պակաս ծաղիկ ենք, որ մոծակները մեզ չփոշոտեն։

Դիմափոշի, շինարարական փոշի, արգելված փոշի` լիքը կլինի էլի։ Ի դեպ, չմոռանամ ասել, որ փոշին ու գազը շնչելու համար էլ լավ մտքեր կան` հակագազեր։ Պատկերացրեք` ինչ ռոմանտիկ կլինի` ամառ, շո՜գ, կիսամերկ մարդիկ, իսկ երեսները փակ են հակագազով, ի՜նչ ուզում ես արա, չեն իմանա, որ դու ես»:

Տեսանյութեր

Լրահոս