Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվել են Լիոնից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 12-ին հյուրընկալվել են Լիոնից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները։ Պատվիրակության կազմում են եղել Լիոն քաղաքի երրորդ վարչական շրջանի քաղաքապետ Վերոնիկ Դյուբուա Բերտրան, Լիոնի գրաֆիկական հաղորդակցության թանգարանի տնօրեն Ժոզեֆ Բելետանտը, Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Իզաբել Բերտոլոտտին և ուրիշներ։
Ինչպես տեղեկանում ենք Մանկական գրադարանի տարածած հաղորդագրությունից, գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը հյուրերի համար շրջայց է կազմակերպել գրադարանի սրահներում, ներկայացրել է 90-ամյա հետագիծ ունեցող գրադարանի պատմությունն ու գործունեության ուղղությունները։
Հանդիպման ընթացքում կարևորվել են քույր քաղաքների միջև մշակութային` հատկապես գրադարանային ոլորտում կապերի ամրապնդման հեռանկարները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է դեռևս 2018 թ․ Լիոնի Մետրոպոլի ու Երևան քաղաքի միջև ստորագրված համաձայնագիրը վերակնքելու նախաձեռնության շրջանակներում։ Այդ համաձայնագրի կարևոր բաղադրիչներից են մշակույթի, կրթության ու գիտության ոլորտները, և ներկայում իրականացվող հանդիպումները նախկինում ստանձնած պայմանավորվածությունները թարմացնելու, համագործակցություն շրջանակներն ընդլայնելու նպատակներն են հետապնդում։