Բաժիններ՝

Թմրամիջոց օգտագործողների թիվն ավելացել է, տարիքը՝ երիտասարդացել. փոխնախարար

Հայաստանում թմրամիջոց օգտագործողների թվի ավելացում ու օգտագործողների տարիքի երիտասարդացում է նկատվում, խնդիրը կանխարգելելու համար համապատասխան գերատեսչությունները հանձնարարարականներ են ստացել վարչապետից:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ ԱԺ-ում «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման շրջանակում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ «Տելեգրամ»-ի ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի վաճառքի վերաբերյալ հարցին:

«Մենք էլ մեր բժշկական հաստատությունների միջոցով նկատում ենք, որ ոչ միայն թմրամիջոց օգտագործողների շրջանում ավելացում կա, այլ նաև՝ երիտասարդացում: Ցավոք սրտի, եթե անցած տարիների ընթացքում կարող էինք ասել, որ երիտասարդ կանանց շրջանում հազվադեպ դեպքեր են գրանցվում, ապա վերջին տարիներին նաև կանանց շրջանում է ավելացել օգտագործումը: Հիմնականում օգտագործում են սինթետիկ հոգեխթանիչներ»,-ասաց փոխնախախար Նանուշյանը:

Հիմնականում տելեգրամյան ալիքների միջոցով տարածման հնարավորությունների ընդլայնման պատճառով երբեմն կանխարգելման աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր չէ իրականացնել, սակայն փոխնախարարը վստահեցրեց, որ իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են:

Նա հայտնեց, որ վերջերս վարչապետի գլխավորությամբ քննարկում է եղել կառավարությունում, և գերատեսչությունները հանձնարարականներ ունեն: Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը բարձրացնելու է իրազեկումը, տվյալներ է հավաքագրելու, բուժաշխատողների շրջանում լինելու են վերապատրաստումներ:

Առողջապահության փոխնախարարն ընդգծեց նաև, որ հոգեխթանիչների օգտագործումը շատ անգամ հանգեցնում է նաև հոգեկան առողջության խնդիրների: Նույնիսկ դեպքեր են լինում, երբ հոգեբուժական բուժօգնության կարիք են ունենում և հիվանդանոցային բուժում են ստանում երիտասարդները, որոնք օգտագործում են հոգեխթանիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս