«ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը քայլ ձիով են արել».  Գագիկ Համբարյան

«ՀՀ-ում հիմա գործում է քայլիստների ֆաշիստական դիկտատուրան: Շատ գործեր, որոնք, եթե անգամ ունեն իրավական հիմքեր, երկակի ստանդարտներով են դիտարկվում: Դատախազի այսօրվա միջնորդությունն ինչո՞ւ չի տարածվում, ասենք, Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու, քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու առումով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ իր, Նաիրի Հոխիկյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործերը ևս քաղաքական աստառ ունեն, քաղաքական պատվեր են:

«Այս ամենն արվում է ընդդիմադիրներին լռեցնելու, մարդկանց նյարդայնացնելու, որքան հնարավոր է՝ ֆինանսական հարվածներ հասցնելու, նրանց ժամանակը խլելու համար: Ամեն ինչ անում են, որ մարդկանց խոսքի ազատությունը սահմանափակեն, որպեսզի մարդիկ որևէ ձևաչափով չպայքարեն այս իշխանությունների դեմ: Տարբեր փորձեր են արել, ես դեռ չեմ ուզում շատ չակերտներ բացել, բայց եթե իշխանությունները շարունակեն իրենց ցինիկ և լկտի պահվածքը իմ անձի նկատմամբ, ես ստիպված կլինեմ նաև որոշ փակագծեր բացել, թե ժամանակին ինչպես էին փորձում ինձ հետ «համագործակցել»:

Եթե ես այնքան պարկեշտություն եմ ունեցել, որ անձանց կամ դեպքերի վերաբերյալ որևէ բան չեմ հրապարակել, քայլիստների պարագլուխն ու նրան ծառայող ուժայինները թող իրենց զուսպ պահեն, իմ բարեկրթության և դաստիարակության վրա այդքան հույս չդնեն, որովհետև եթե իրենք կարմիր գծեր են անցնում, ես երկակի կարմիր գծեր կանցնեմ, ու լավ բան չի ստացվի, հատկապես՝ ուժային կառույցների ներկայացուցիչների համար, ովքեր մոռանալով իրենց 2-3 տարի առաջվա քայլերը, հիմա շատ արդար են խաղում»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Տեղ գյուղում առկա լարված իրավիճակին, նա նշեց, որ ինֆորմացիա էր հրապարակվել, որ Տեղ գյուղի որոշակի հատված դեռ մի տարի առաջ են Հայաստանի իշխանությունները տվել Ադրբեջանին, իսկ իշխանությունները չեն հերքել այդ ինֆորմացիան. «Եթե Նիկոլ Փաշինյանը պատառ-պատառ Հայաստանի տարածքները տալիս է, ռուսը պետք է գա՞՝ մեզ պաշտպանի: Ապագան հասավ Տեղ՝ իրենց ընտրած քայլիստ համայնքապետով: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաջարկներին, ապա նախկինում ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը ճկուն չէին գործում, սպասում էին՝ իրավիճակը սրվեր, հետո չէին հասկանում, որ Փաշինյանը բացահայտ հակառուսական գիծ է տանում: Բայց հիմա ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը քայլ ձիով են արել՝ գնդակը գցելով Հայաստանի իշխանությունների կողմը: Նիկոլին դա ձեռնտու չէ:

Կարդացեք նաև

Նիկոլին և նրա հետևում կանգնած ուժերին պետք էր մեկ կարևոր փաստ՝ հասարակությանը վերջնականապես ապացուցել, որ մեր բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր են Ռուսաստանը և ռուսը, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ը. արևմտյան երկրների դիտորդները կգան, կկանգնեն Հայաստանի սահմանին, և ամեն ինչ կլինի շատ լավ: Իրականում, սա գլոբալ ծրագրի իրականացում էր: Ես բազմիցս ասել եմ, որ արցախյան 44-օրյա պատերազմը զուտ հայ-ադրբեջանական բախում չէր, նրանք փորձում էին Ռուսաստանին այստեղից դուրս մղել, չստացվեց, Ռուսաստանը խաղաղապահներով ներկայացավ Արցախ:

Հիմա երկրորդ փուլն է գնում՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի բնակչությանը համոզելու, որը ռուսները լավ գործընկերներ չեն: Այդ պատճառով համատեղ բեմադրում են կարճատև պատերազմներ, որոնք խլել են ահռելի կյանքեր: Հիմա տեսան, որ տակտիկան փոխվել է, ՀԱՊԿ-ը ասում է՝ մենք կգանք՝ ձեզ կպաշտպանենք, համաձայնեք, տեսա՞ք՝ ինչ եղավ. Տեղ գյուղի տարածքները առանց պատերազմի բեմականացման՝ տվեց թուրքերին: Ռուսաստանը պետք է վերջնականապես հասկանա, որ այստեղ ինքը պայքարում է ոչ թե Նիկոլի դեմ, այլ նրա հետևում կանգնած ուժերի դեմ, որոնց գլխավոր նպատակն է Ռուսաստանին վերջնականապես վտարել Հարավային Կովկասից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս