
Վարորդը ոչ սթափ վիճակում էր, չուներ փաստաթղթեր և փորձում էր կաշառել պարեկներին

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ագարակ գյուղի սկզբնամասում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Վարորդը չի ունեցել տեխզննման, պարտադիր ապահովագրման փաստաթղթեր, իսկ մեքենան հետախուզման մեջ էր: Ավելին, մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր և չուներ մեքենան վարելու համապատասխան փաստաթղթեր: Էլ ավելին, վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը, որպես կաշառք, պարեկային ծառայության աշխատակցին փորձել էր տալ հինգ հազար դրամ:
Նա ձերբակալվել և, ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
46-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: