Քաղաքապետ ընտրելու համար ավագանու արտահերթ նիստը տապալվեց․ ինչո՞ւ ներկա չէին ավագանու ոչ իշխանական խմբակցության անդամները

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, սակայն ավագանու անդամները չէին ներկայացել։

Հայտարարվեց կես ժամ ընդմիջում, որից հետո ավագանու նիստին ներկայացել էր միայն ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Գյոզալյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քվորում չկա։

«Երևանի ավագանու արտահերթ նիստը, որը գումարվել էր քաղաքապետ ընտրելու հետ կապված, դարձյալ քվորում չի ապահովվել, և հիմք ընդունելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետը՝  նիստը համարվում է չկայացած»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Արտահերթ նիստին ներկա չէին նաև ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները:

ԲՀԿ ավագանու անդամ Միքայել Մանրիկյան մեզ հետ զրույցում փոխանցեց. «ԲՀԿ խմբակցությունը շենքում էր գտնվում և հետևում էինք օնլայն միացմանը, և եթե տեսնեինք, որ ավագանու անդամները ներկա էին, ու քվորում է լինում, խմբակցության բոլոր անդամներով մեկ րոպեի ընթացքում կլինեինք տեղում»:

«Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն էլ հավելեց. «Անձամբ ես չեմ ներկայացել, քանի որ իշխող խմբակցությունը ավագանու դահլիճում բացարձակ մեծամասնություն է, և ավելի վաղ հայտարարել էին, որ չեն ներկայանալու նիստին, չունեն թեկնածու և չեն առաջադրելու: Վստահեցնում եմ, որ Լևոն Հովհաննիսյանի հետ «ռոմանտիկ ժամանակ անցկացնելու անհրաժեշտություն չունեմ»:

Հավելենք, որ Երևանի ավագանու ապրիլի 4-ի արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով.  «Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս է մնացել: Այս պահի դրությամբ նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն չի լինի: Խմբակցության դիրքորոշումն այս պահին այսպիսին է»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2023թ. մարտի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչի մասին հայտարարեց գործակարգավարական արտահերթ նիստում, դրանից հետո նրա լիազորությունները համարվեցին վաղաժամկետ դադարեցված:

Տեսանյութեր

Լրահոս