«Թուրքիան և Ադրբեջանը շտապում են. հայ ժողովրդին վախեցնում են, թուլություն են ներարկում». Մենուա Սողոմոնյան
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ օգտվելով տարածաշրջանում առկա իրավիճակից և Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականությունից՝ Ադրբեջանը սալյամիի սկզբունքով կտոր-կտոր տարածքներ է վերցնում Հայաստանից:
«Երբ սալյամին բարակ-բարակ կտորներով ես կտրում, արտաքուստ չի նկատվում, որ պակասում է: Այդ երշիկ կտրելը դրսևորվում է նաև գյուղացիներին վախեցնելով, գարնանացանին խոչընդոտելով, որ մարդիկ այլևս չզբաղվեն գյուղատնտեսությամբ կամ լքեն բնակավայրերը: Այդ ամենը հայկական կողմի անընդհատ զիջողական տրամաբանության մեջ է: Այդ զիջումն արտահայտվում է, օրինակ, առաջնագծի որոշ կարևոր հատվածներում կանոնավոր մարտական ուժը սահմանապահ զորքերով փոխելով: Սահմանապահ զորքերի հնարավորությունները քիչ են՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի խոսույթում գերակշռում են «արձանագրել» և «պետք է» բառերը. «Փաշինյանն արձանագրում է, որ ադրբեջանցիները առաջ են գալիս, և ասում է, որ պետք է հետ գնան, բայց դրանից, բնականաբար, որևէ իրավիճակ չի փոխվում, որովհետև կոշտ հակազդեցություն է պետք: Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա այդ մասին հայտարարում են բոլորը՝ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Հայաստանը, բայց ամեն մեկն իր պատկերացրածով է տեսնում այդ խաղաղությունը, իր ազգային շահերի տեսանկյունից է դա տեսնում, բացի Հայաստանից, որովհետև այն բանակցային ձևաչափը, որ այսօր կա «խաղաղության» վերաբերյալ, իրականում խաղաղության հետ որևէ առնչություն չունի: Խաղաղություն մեր թշնամիների համար կարող է նշանակել այն, երբ ստորագրվի որևէ փաստաթուղթ, որով տեղի կունենա Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ է գնում՝ անընդհատ շեշտելով 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին: Դա երբեք խաղաղություն չի լինելու: Թուրքերն ու ադրբեջանցիները շտապում են, որովհետև շտապելու բան կա, որովհետև և՛ գլոբալ մակարդակում, և՛ տարածաշրջանի մակարդակում տեղի են ունենում փոփոխություններ, աշխարհակարգն է փոխվում, և այս փոփոխության մեջ շատ հնարավոր է, որ ոչ ի նպաստ իրենց այդ փոփոխությունները տեղի ունենան, նրանք փորձում են հնարավորինս շատ բան կորզել»:
Քաղաքագետի խոսքով՝ այսօր առերևույթ ոչ ի նպաստ Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանային դասավորություն գոյություն ունի. «Թուրքիայում ստեղծված ներքին խնդիրները, տեղի ունեցող քաղաքական ակտիվ գործընթացները, սպասվող ընտրությունները, ընդդիմության միասնական ներկայացուցչի բավականին բարձր ռեյտինգը, այս ամենը որոշակիորեն խոսում է առայժմ Թուրքիայի շատ ակտիվ քաղաքականության՝ տարածաշրջանում իր համար նախընտրելի ճարտարապետությունը գծելու հնարավորությունների քչության մասին:
Տարածաշրջանում կայունության նպաստավոր պայմաններ են ստեղծվում՝ ի դեմս երկու մրցակցող մահմեդական երկրների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորմամբ: Հատկանշական է, որ այդ հարաբերությունների կարգավորման հարցում տեսնում ենք Չինաստանի միջնորդությունը: Մենք չփորձենք միանշանակ բաներ ասել, բայց իրականում երկբևեռ թեքվածությամբ, բայց բազմաբևեռ աշխարհակարգի միտում ենք այս ամենում տեսնում: Այս պարագայում, թուրք-ադրբեջանական կողմը, քանի դեռ Ռուսաստանի ազդեցությունն այստեղ քչացել է, իրադրությունն ամբողջությամբ չի կարգավորվել, փորձում է հնարավորինս շատ զիջումներ կորզել: Հայաստանի ղեկավարությունը մտնում է այդ խաղի մեջ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռ երկու կենտրոնների հետ է տանում, իսկ այդ գործընթացները հաճախ սկզբունքային առումով հակասում են իրար»:
Մենուա Սողոմոնյանն առաջիններից էր նկատել, որ Աննա Հակոբյանը խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիքների մասին, իրականում կրկնում էր Ալիևի թեզը: Սողոմոնյանը բացատրեց, թե ինչ նպատակով են նման հայտարարություններ արվում.
«Խնդիրը շատ պարզ է՝ հայ ժողովրդի մեջ վախի մթնոլորտի, թուլության զգացման ներարկումն է՝ հայ ժողովրդին զիջումների պատրաստելու համար: Այսինքն՝ եկեք՝ չխոսենք բանակ հզորացնելու մասին, մենք դա չենք կարող, մենք չենք կարող ադրբեջանցիներին դիմակայել, որովհետև մեզ մոտ դասալքությունը շատ է, թեպետ մեր «գերագույն գլխավոր հրամանատարը» քաջ է, կոչ արեց, թեև նրա կինը քաջ է՝ ջոկատ կազմեց՝ գնաց կռվելու… Տեսեք՝ մարդկանց մեջ ինչ պարզ ասոցիացիաներ են ստեղծում, որ մարդիկ ասեն՝ մեր պետության ղեկավարն էլ ի՞նչ աներ, իր կնոջը մարդը ուղարկեց կռվի, դրանից հետո էլի տղամարդիկ դասալիք դարձան: Փորձում են տպավորություն ստեղծել, թե անթասիբ ազգ ենք, երկրի առաջին դեմքի կինը գնում է կռվելու, իսկ տղամարդիկ չեն գնում: Բեմականացում է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում