Հնդկաստանը դադարեցնում է առևտրային բանակցությունները Մեծ Բրիտանիայի հետ՝ սիկհ ծայրահեղականների պատճառով. The Times
Հնդկաստանի իշխանությունները հրաժարվել են շարունակել առևտրային բանակցությունները Մեծ Բրիտանիայի հետ: Սրա պատճառ է դարձել այն, որ Բրիտանիան չի դատապարտել սիկհ անջատողական խմբավորմանը, որն անցյալ ամիս հարձակվել էր Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան վրա, և որը հանդես է գալիս Հնդկաստանից Փենջաբի նահանգի անջատման օգտին: Այդ մասին այսօր հայտնել է The Times պարբերականը՝ վկայակոչելով Բրիտանիայի կառավարությունում իր աղբյուրներին։
«Հնդկաստանը հայտարարել է, որ չի ցանկանում առևտրի շուրջ բանակցություններ վարել, որովհետև այդ հարցը համարում է Հնդկաստանի դեսպանատան վրա հարձակման, ինչպես նաև սիկհերի հետևորդների անջատողական շարժման նկատմամբ մեր ուշադրության պակասի ավելի մեծ խնդրի մաս», – մեջբերում է թերթը Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրի խոսքը:
Մարտի 19-ին սիկհ անջատողականները «Խալիստան» պաստառներով ներխուժել էին Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք և պոկել Հնդկաստանի դրոշը։ Բրիտանիայի իշխանությունները դատապարտել են հարձակումը, բայց ոչ դա կատարած կազմակերպությանը:
Ինչպես տեղեկացնում է The Times-ը՝ Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությունը ծրագրում է առաջիկա շաբաթներին պաշտոնական հայտարարություն անել այդ առնչությամբ և որոշ գործողություններ իրականացնել սիկհերի անջատողական խմբերի դեմ:
Բացի դրանից, ըստ թերթի տվյալների, առևտրային համաձայնագրի համար խոչընդոտ է դարձել այն, որ Լոնդոնը հրաժարվել է հնդիկ միգրանտ աշխատողներին ազատել ապահովագրական վճարներից, քանի որ նման քայլը կարող է այլ երկրների դրդել նմանատիպ զիջումներ պահանջել: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության գնահատմամբ` դա կարող է գանձապետարանի համար տարեկան առնվազն 500 միլիոն ֆունտ (620 միլիոն դոլար) արժենալ:
Ըստ The Times-ի տվյալների՝ ևս մեկ վիճելի հանգամանք է դարձել բրիտանական BBC հեռարձակող կորպորացիայի վավերագրական ֆիլմը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և մուսուլմանական համայնքի նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների քաղաքականության մասին: Ֆիլմն արգելվել է Հնդկաստանում, իսկ Նյու Դելիում և Մումբայում BBC-ի գրասենյակներում խուզարկություններ են կատարվել:
Ինչպես գրում է The Times-ը, հնդկական կողմի դժգոհությունն է հարուցել նաև Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանի հայտարարությունը, որը մտահոգություն է հայտնել, որ առևտրային համաձայնագրի կնքման պատճառով կարող է աճել դեպի թագավորություն անօրինական միգրացիան։ Նրա բերած վիճակագրության համաձայն՝ հնդիկներն ամենից հաճախ երկրում մնում են ժամկետանց վիզաներով: