
Հնդկաստանի նոր դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության նախագահը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Իր խոսքում նախագահը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Հնդկաստանի հետ հարաբերությունները: Պատահական չէ, որ անկախությունից հետո շատ կարճ ժամանակում Հայաստանն ու Հնդկաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Այս տարիների ընթացում մեր հարաբերությունները դինամիկ զարգացել են բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Համոզված եմ համատեղ աշխատանքով նոր հաջողությունների կհասնենք, որովհետև երկու կողմից էլ պատրաստակամությունը շատ մեծ է: Հատկապես վերջին վեց ամիսներին մեր հարաբերությունների ակտիվության մեջ դա նկատելի է»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուի ջերմ ողջույնները: «Ինչպես նշեցիք, մեր փոխգործակցությունը մի շարք ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բավական ակտիվ է, և, ինչպես ընդգծեցիք, վերջին շրջանում նկատվել է այս հարաբերությունների խորացում:
Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման ընթացքում կանեմ առավելագույնը, որպեսզի այս հարաբերություններն ավելի խորանան և ընդգրկեն շատ ավելի մեծ շրջանակ, քան ներկայում կա», – նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական, քաղաքական, կրթական ու մշակութային փոխգործակցության մեծ ներուժի շարունակական իրացման անհարժեշտությունը: Այս տեսանկյունից ընդգծվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային կապի գործարկման կարևորությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունները:
Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին և նորանշանակ դեսպանին մանրամասներ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև միջազգային հարթակներում առկա համագործակցության առավել սերտացումն ու օրակարգային հարցերի շուրջ համատեղ աշխատանքը: