Հայկական ապրանքները ռուսական շուկայում կորցնում են իրենց տեղը
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշները մեծ տեմպերով ավելացան։ Աճեց ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։ Դա տեղի ունեցավ առավելապես Ռուսաստանի հաշվին։
Վերարտահանումների արդյունքում անցած տարի Հայաստանի միջոցով ռուսական շուկայի մատակարարումներն ավելացան 2,9 անգամով։
Այս տարվա սկզբին աճն ավելի մեծ է. արտահանումները Ռուսաստան ավելացել են 5,2 անգամով։
Անցած տարվա հունվարին, երբ դեռ չէր սկսվել հակամարտությունը, և Ռուսաստանի նկատմամբ չկային պատժամիջոցներ, արտահանվել էր ընդամենը 68 մլն դոլարի ապրանք։ Այս տարվա հունվարին արտահանումը հասել է գրեթե 355 մլն դոլարի։
Ընդհանուր արտահանումն ավելացել է 323 մլն դոլարով, միայն Ռուսաստան՝ 287 միլիոնով։
Այս աճը հիմնականում ներմուծում-արտահանումների հաշվին է, բայց դրանց մեջ կան նաև տեղական արտադրության ապրանքներ։ Դրանք ի՞նչ ծավալ են կազմում, պաշտոնական վիճակագրությունը չի առանձնացնում։ Սակայն դատելով նախորդ տարվա ծավալներից, զուտ տեղական արտադրանքն անհամեմատ ավելի քիչ է, քան ներմուծվող-արտահանվողը։
Ավելին, ի տարբերություն ներմուծվող-արտահանվողի, տեղական արտադրանքը ռուսական շուկայում նոր անհարմարությունների է բախվում՝ կորցնելով մրցունակությունը։ Դրա հետևանքով տեղական արտադրանքի արտահանումը ռուսական շուկա, ընդհանուր արտահանման մեջ, առաջիկայում կարող էլ ավելի փոքրանալ։ Պատճառն արժութային շուկայի իրավիճակն է։
Անցած տարի, երբ դրամն ամրապնդվում էր, դրանից հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում հիմնականում չէր տուժում, որովհետև ամրապնդվում էր նաև ռուսական ռուբլին։ Տևական ժամանակ դոլարի փոխարժեքը ռուսական շուկայում տատանվում էր 50-55 ռուբլու սահմաններում։ Վերջին շրջանում, երբ միջազգային շուկաներում էապես նվազել են էներգակիրների գները, կրճատվել են նաև այդ ապրանքների ռուսական մատակարարումները, ռուբլին հասցրել է բավականաչափ արժեզրկվել։
Հիմա արդեն դոլարի գինը ռուսական շուկայում հասել է գրեթե 77 ռուբլու։ Տարբերությունը նախորդ տարվա կեսերի համեմատ բավական մեծ է։
Ռուբլու թուլացումը թուլացրել է հայկական արտադրության ապրանքների մրցունակությունը նաև ռուսական շուկայում։
Անցած տարի, երբ սկսեց արժևորվել դրամը, հայրենական արտադրության ապրանքները կորցրեցին մրցունակությունը դոլարի, եվրոյի և այլ արժույթների շուկաներում։ Սակայն պահպանեցին մրցունակությունը ռուսական շուկայում։ Այս տարի արդեն դրամի ուժեղացումը սկսել է հարվածել հայկական ապրանքների մրցունակությանը նաև ռուսական շուկայում։
Մինչ ռուբլին թուլանում է, դրամը շարունակում է ամրապնդվել՝ հարվածելով այդ շուկայում հայկական արտադրության ապրանքների իրացմանը։
Հայտնի է, որ անցած տարվանից Ռուսաստանը փորձում է հնարավորինս ազատվել դոլարի ազդեցությունից և գնման պայմանագրերը գերադասում է կնքել ռուբլով։
Այս փուլում սա միանշանակ ի վնաս հայկական արտադրողների է։ Ռուբլու թուլացման հետևանքները մեղմելու համար նրանք ստիպված են վերանայել պայմանագրերը և բարձրացնել գները, ինչը, սակայն, ազդելու է իրացման վրա։ Հակառակ պարագայում ստիպված են համակերպվել կորուստների հետ։
Կորուստներից խուսափելու ու մրցունակության հետ կապված դժվարություններին դիմակայելու համար կարևոր գործոններից մեկը դրամի թուլացումն է։ Բայց դրամը շարունակում է ամրապնդվել և մեծացնել ճնշումը տեղական արտադրության վրա։
Թվում է, թե դրամի ամրապնդումը խոսում է մեր տնտեսության հզորության ու զարգացումների մասին, բայց սրանից տնտեսությունը միայն տուժում է։ Տուժում է հատկապես արտահանելի հատվածը, թեև ներքին շուկայում ևս կորուստները քիչ չեն. դրա հետևանքով ներմուծումներն առավելություն են ստանում տեղական արտադրանքի նկատմամբ։
Այս անոմալ երևույթից պետք է հնարավորինս շուտ է դուրս գալ, բայց իշխանությունները ոչինչ չեն անում դրա համար։ Նրանց միայն դրսից եկող մեծ փողերն են հետաքրքրում, որոնք թեև որոշ ոլորտներում աճեր են ապահովում, այնուհանդերձ մեր տնտեսության հերն անիծում են։ Տնտեսության արտահանելի հատվածը կործանվում է։
Անցած տարի համաշխարհային շուկաներում կտրուկ բարձրացել էին էներգակիրների գները և հանգեցրել այլ երկրների արտադրանքի թանկացմանը։ Հայաստանում թեև դրամը ամրապնդվել էր, այնուհանդերձ էներգակիրների գների կայունությունը թույլ էր տալիս դոլարի ու եվրոյի շուկաներում պահպանել մրցակցային թեկուզ թույլ դիրքերը։ Հիմա, երբ էներգակիրները միջազգային շուկաներում էժանացել են, հայկական ապրանքները կորցրել են նաև այս հարաբերական առավելությունը, ու արտահանողները ստիպված են հաշվել կորուստները։
Դրանից սկսել են անհանգստության նշաններ ցույց տալ նաև տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսին է, ասենք՝ հանքարդյունաբերությունը։
Միջազգային ապրանքահումքային շուկաներում բարձր գների պայմաններում մինչև վերջերս այս ոլորտում գործող ընկերությունները կարողանում էին դիմանալ դրամի ամրապնդման հետևանքներին։ Հիմա նրանք էլ են սկսել դժգոհել՝ ֆինանսական հսկայական կորուստների պատճառով։
Իշխանություններն հպարտանում են, որ անցած տարվանից Ռուսաստանից մեծ քանակությամբ բիզնես և բարձր որակավորման ՏՏ ոլորտի մասնագետներ են տեղափոխվել Հայաստան։ Սակայն վերջին շրջանում նրանք էլ են սկսել հեռանալ՝ դժգոհ լինելով դրամի այսպիսի ամրապնդումից ու բարձր գներից։
Հայաստանի տնտեսական միջավայրը կորցնում է մրցունակությունը նաև Ռուսաստանից տեղափոխվածների շրջանում։ Հեռացողները ոչ թե վերադառնում են Ռուսաստան, այլ տեղափոխվում են այլ երկրներ և այնտեղից կազմակերպում իրենց աշխատանքը։ Հատկապես որ, դրա համար սահմանափակումներ չկան։
Մինչ Կենտրոնական բանկը, սեփական գործառույթներից ելնելով, առայժմ չի շտապում թուլացնել արժութային շուկայից տնտեսության վրա փոխանցվող այս բացասական ազդեցությունները, կառավարությունը վայելքների մեջ է։ Հրճվում է իր կամքից անկախ արձանագրվող բարձր աճերից՝ մոռանալով, թե իրականացվող անպատասխանատու քաղաքականության հետևանքով ինչպիսի վնասներ է հասցնում տնտեսությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ