Բաժիններ՝

Եթե հավատարիմ մնանք Աստծո կարևոր ուխտին՝ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով. ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ

Այսօր՝ ապրիլի 9-ին, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ նաև օրհնության կարգ է կատարվել ու ներկայացվել Սուրբ Հարության տոնի խորհուրդը:

«Աշխարհը վախի մեջ պահող մահվան սարսափն այլևս պարտված է Քրիստոսին հավատացողների համար: Նրա հարությունը մեր հավատքի սիրտն է, իսկ քրիստոնեությունը՝ կյանքի կրոնը, որովհետև Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի: Հարությունը վավերացրեց Քրիստոսի խոսքի և գործերի ճշմարիտ լինելը:

Քրիստոսի հարությունը մեր ապագա հարության երաշխիքն է: Մեր քրիստոնեական կեցվացքից, Քրիստոսով իրար որպես քույրեր և եղբայրներ ընկալելուց է կախված մեր ապագան: Այսօր մեզ են նայում բազում աչքեր, քննության են առնում մեր միասնականությունը և հետևություններ են անում, թե արդյոք այս ժողովուրդը ի զորու է միաբան պայքարել, արդյոք դիմադրելու կամք, ցանկություն ու խոհեմություն ունի, թե՝ ոչ»,-ասել է Սրբազանը՝ հավելելով, որ Քրիստոսն իր օրինակով սովորեցնում է, որ մարդու երջանիկ լինելու գաղտնիքն ամբողջ էությամբ Աստծո կամքը կատարելու մեջ է:

Տիրոջ փրկագործության ամբողջ նպատակը այն է, որ մարդը սկսի սիրել և վստահել Աստծուն Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ որպես ազգ, հայ ժողովրդի համար գոյություն ունի երեք կարևոր ուխտ՝ ընտանիք, պետություն և եկեղեցի:

«Ահա այս երեք հարթության վրա Աստված ուխտ է կնքել մեր ազգի հետ: Եթե մենք հավատարիմ մնանք այս երեք կարևոր սրբություններին, ապա մեր ընթացքը կլինի դեպի հավիտենություն գնացող, իսկ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով»,-համոզմունք է հայտնել Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Հավարտ Պատարագի, որպես կյանքի ու հարության նշան, օրհնվել են ներկված հավկիթներ, որոնք հավատավորներն իրենց հետ տուն են տարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս