Բաժիններ՝

Հայաստանում պլանավորում են միավորել Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այցելել է արդեն ՆԳՆ ենթակայությանը տրված Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, կատարել շրջայց։ Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Արփինե Սարգսյանն ընդգծել է ՆԳՆ շրջանակներում մեկ միասնական ակադեմիա ունենալու հարցի կարևորությունը և նշել, որ Ոստիկանության կրթահամալիրի հետ միավորումը պետք է նպաստի ՆԳՆ կադրային, հատուկ պահանջարկի բավարարմանը։

Սարգսյանը հատուկ շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով, ակադեմիայի անձնակազմի տարիներ շարունակ ներդրած ջանքն ու ավանդը պահպանվելու և զարգանալու է։
Ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը վերահաստատել է ակադեմիայի ողջ կազմի պատրաստակամությունը՝ միավորմանն աջակցելու և համատեղ լուծումներ գտնելու հարցում։
Հանդիպման շրջանակներում ակադեմիայի ղեկավար կազմի հետ քննարկվել են ուսումնական հաստատությանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են Լուսակերտի վարժահամալիրի կարողությունները։ Փաստվել է ցանկացած արտակարգ իրավիճակում փրկարարի և ոստիկանի համագործակցության կարևորությունն ու նախանշվել համատեղ վարժանքների կազմակերպման հնարավորությունը։

Փոխնախարար Սարգսյանը Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայում և դիտարկել ակադեմիայի կրթական միջավայրը, տեխնիկական հագեցվածությունը։ Ակադեմիայի ղեկավար կազմը ներկայացրել են միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին օգնության, հրշեջ-փրկարարական և մի շարք այլ սարքավորումներ, ինչպես նաև դրանց կիրառման հմտությունները։
Ներկայացվել է ջրափրկարարական ջոկատի կարողություններն ու հագեցվածությունը։ Ուսումնասիրվել են նաև ակադեմիայի ՏՏ համալիր լաբորատորիան, որտեղ ծանոթացել են գիտատեխնիկական և հետազոտական աշխատանքների արդյունքներին։
Փոխնախարարին ներկայացվել են ակադեմիայի կողմից նախագծված ռոբոտների, ԱԹՍ-ների և այլ սարքավորումների արտակարգ իրավիճակներում կիրառելիության առանձնահատկություններն ու օգտակարությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տեխնիկական հագեցվածության համալրման ուղղությամբ աշխատանքները՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումների ներկայացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս