ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը դատապարտել են Լիբանանից Իսրայելի հրթիռակոծումը
Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը դատապարտել են ապրիլի 6-ին Լիբանանի տարածքից Իսրայելի հրթիռակոծումը։ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն ընդգծել է, որ Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի:
«Մենք դատապարտում ենք Լիբանանից և Գազայից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումը: Մեր հանձնառությունն Իսրայելի անվտանգությանն «անսասան է, և մենք ճանաչում ենք Իսրայելի`ագրեսիայի բոլոր ձևերից պաշտպանվելու օրինական իրավունքը», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պատելը:
Նրա խոսքով՝ «ցանկացած միակողմանի գործողություն, որն սպառնում է ստատուս քվոյին, անընդունելի է»։
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել «բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել»։
«Մենք դատապարտում ենք այսօր Լիբանանից բազմաթիվ հրթիռային արձակումները Հյուսիսային Իսրայելի ուղղությամբ», – նրա խոսքը մեջբերում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Իսրայելական կողմի տվյալներով՝ հինգշաբթի օրը Լիբանանից երկրի հյուսիս է արձակվել 34 հրթիռ, որոնցից 25-ը կալանվել է։ Տուժել է առնվազն 2 մարդ։ Գնդակոծությունն իրականացվել է հրեական գլխավոր տոներից մեկի՝ Փեսախի (հրեական Զատիկ) ժամանակ։ Սա ամենամեծ էսկալացիան էր 2006 թ.-ին Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմից հետո:
Հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ալ-Աքսա մզկիթում բարիկադավորված պաղեստինցիների և այնտեղից նրանց վտարել փորձող իսրայելական ուժայինների միջև տեղի ունեցած կատաղի բախումներից ընդամենը մի քանի օր անց: Անկարգությունների ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 350 մարդ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրթիռային հարձակման համար երկրի «թշնամիներին» սպառնացել է լուրջ հետևանքներով։
«Մենք կջախջախենք մեր թշնամիներին, և նրանք կվճարեն ագրեսիայի յուրաքանչյուր գործողության համար», – հայտարարել է նա հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում:
Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով, Իսրայելը «մտադրություն չունի փոխել Տաճարաց լեռան ստատուս քվոն»։
«Մենք կոչ ենք անում հանդարտեցնել իրավիճակը, մենք վճռական «գործողություններ կձեռնարկենք այնտեղ բռնություն կիրառող ծայրահեղականների դեմ», – ասել է Նեթանյահուն։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակն այսօր առավոտյան «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների է հարվածել Լիբանանում և Գազայի հատվածում: