Հայաստանում բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունը աճել է շուրջ երկու անգամ
2022 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունը աճել է շուրջ երկու անգամ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ այս հարցը իրենց ուշադրության կենտրոնում է և 2023 թվականին Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ կհիմնեն առաջին վիրուսազերծ կարտոֆիլի սածիլների գիտական արտադրություն:
«Չնայած տեղական սերմարտադրության աճին, դեռևս պահպանվում է ներմուծված սերմերի կիրառումը Հայաստանում, և պետք է ասեմ, որ տարբեր ծրագրերով մենք խթանում ենք հենց սերտիֆիկացված սերմացուի օգտագործումը, քանի որ մի կողմից մեր նպատակն է որպեսզի ավելի շատ ցանքատարածություններ ներգրավվեն ցանքսի շրջանում, բայց մյուս կողմից՝ բարձրացնենք մեկ հեկտարի հաշվով բերքատվությունը : Դա է պատճառը, որ, օրինակ, 2021 թվականին ցանքատարածությունների քանակը նվազել էր 2 հազար հեկտարով, սակայն 2022 թվականին մենք ստացանք շուրջ 43 հազար տոննա ավելի շատ բերք։ Դա և եղանակային պայմանների և սերտիֆիկացված սերմացուների օգտագործման արդյունք է»,- ասաց փոխնախարարը:
Արման Խոջոյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի նախարարությունը նաև իրականացնում է սերտիֆիկացված սերմացուի ձեռքբերման գնի սուբսիդավորում, որը նպաստում է, որպեսզի տեղական սերմարտադրությունը ավելանա, ինչպես նաև ֆերմերները տեսնեն որակյալ սերմացուի և ոչ որակյալ սերմացուի տարբերությունը, որովհետև ընդհանուր առմամբ 1 հեկտարի հաշվով ծախսը նույնն է, սակայն բերքատվությունից է կախված, թե ինչքան եկամտաբեր կլինի այդ տարի նրանց իրականացրած գյուղատնտեսական աշխատանքը:
«Պետք է նշեմ, որ սելեկցիոն աշխատանքները շարունակական գործընթաց են: Կլիմայի փոփոխությունը ստիպում է և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ արտաքին շուկայում ավելի մեծ ուշադրությամբ և շարունակաբար իրականացնել սելեկցիոն աշխատանքները, որպեսզի ստեղծեն կլիմայի փոփոխությանը ավելի հարմարվող և ավելի դիմակայուն սորտեր»,- ասաց նա :
Նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտը զարգացնելու նպատակով 2022 թվականին ընդունել են մի օրենք, որի շրջանակում 2023 թվականին ներդրվելու է տնկարանների և տնկանյութի հավաստագրման գործընթաց: Խոջոյանը ընդգծեց, որ Հայաստանում արտադրված տնկանյութը նույնպես ունենալու է անձնագիր, որը երաշխավորելու է, որ տնկանյութը համապատասխանում է իր տեսակին:
«Քանի որ շատ են լինում դեպքերը, երբ մարդը ձեռք է բերում տնկի, ժամանակ և գումար է ներդնում, սակայն տարիներ անց այն չի ապահովում սպասումները, որը ֆերմերը ուներ. պատճառը հիմնականում տնկանյութի որակն է լինում: Եվ, ներդնելով տնկարանների և տնկանյութի սերտիֆիկացման համակարգը, մենք կկարողանանք շուկայում այդ հարցը կարգավորել»,- ասաց նա:
Անդրադառնալով տեղական սորտերին և դրանց երկարաժամկետ կիրառմանը՝ նախարարի տեղակալը նշեց, որ ժամանակի ընթացքում և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ այն նույն սորտերը, որոնք ժամանակին ապահովում էին բարձր բերքատվություն և դիմակայունություն, միանշանակ չէ, որ ինչ-որ ժամանակ հետո կարող են ապահովել այդ նույն արդյունքը:
«Այստեղ կարևորվում է սելեկցիայի դերը, և մեր գիտական աշխատողները շարունակաբար աշխատում են, որպեսզի ստեղծեն արդեն փոփոխված կլիմայական պայմանների համար դիմակայուն և բերքատու սորտեր»,- ասաց Խոջոյանը:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ իրենց նպատակն է խթանել տեղական սերմարտադրությունը:
Գայանե Գաբոյան