Բաժիններ՝

Վրաստանի դատավորների դեմ ԱՄՆ պատժամիջոցները կվնասեն երկու երկրների հարաբերություններին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների դեմ ԱՄՆ պատժամիջոցները կվնասեն երկու երկրների բարեկամական հարաբերություններին, եթե ամերիկյան կողմը չտրամադրի կոռուպցիայի ապացույցներ։

Այդ մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հղած նամակում։ «Միանգամայն անհասկանալի և անընդունելի է դատավորների նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ պետքարտուղարության որոշումը, որը հրապարակվել է առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Հուսով ենք, որ պետքարտուղարությունը կներկայացնի համապատասխան ապացույցներ կամ կվերանայի իր որոշումը։ Հակառակ դեպքում Վրաստանի պետության և ժողովրդի կողմից դա կընկալվի որպես ճնշում ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա և կոպիտ միջամտություն նրա գործունեությանը, ինչը կվնասի Վրաստանի և ԱՄՆ-ի բազմամյա բարեկամական հարաբերություններին», – ասված Է Վրաստանի ԱԳՆ կայքում հրապարակված նամակում:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն իր հերթին դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը վրացի չորս բարձրաստիճան դատավորների նկատմամբ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել էր պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ են սահմանվում Վրաստանի բարձրաստիճան չորս դատավորների՝ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս