Իրանի պատգամավորները դատապարտել են Իսրայելում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումը
Իրանի խորհրդարանի շուրջ 210 պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են բռնազավթված պաղեստինյան տարածքներում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի պատվիրակի նշանակումը: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանի խորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ:
Այսօր տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դեսպանատուն է բացել Իսրայելում և «իր դեսպանին ներկայացրել է կեղծ ռեժիմին՝ անհավատալի արարք, որը հակասում է իսլամական աշխարհի շահերին»։
«Ադրբեջանի պաշտոնյաների այս քայլը կհանգեցնի տարբեր բացասական քաղաքական հետևանքների, և մուսուլմանները նրանց կհամարեն ճնշված պաղեստինցիների դեմ կատարած հանցագործություններում սիոնիստական ռեժիմի մեղսակիցներ», – նշված է հայտարարությունում։
Իրանցի պատգամավորներն արաբական և իսլամական կառավարություններին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Միջխորհրդարանական միությանը հորդորել են դատապարտել Ադրբեջանի քայլը։
Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին: Դեսպանատան բացմանը Իսրայել էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: