Մակրոնը պետական ​​այցով ժամանել է Չինաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր պետական ​​այցով ժամանել է Պեկին:  Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը «Շոուդու» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Պեկինի ժամանակով չորեքշաբթի օրը կեսօրին։

Մակրոնի այցը կտևի ապրիլի 5-ից 8-ը. նա կայցելի Պեկին և Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաք։ Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ է այցելում ՉԺՀ։ Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինն ավելի վաղ հայտնել էր, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարեն «Չինաստանի և Ֆրանսիայի, Չինաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն հիմնական միջազգային ու տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ»:

Միևնույն ժամանակ Ելիսեյան պալատը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահը Չինաստանի ղեկավարի հետ քննարկումներ կանցկացնի «վեցից յոթ ժամ»։ Մակրոնը և Սի Ծինփինը վերջին անգամ հանդիպել են Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում 2022 թ.-ի նոյեմբերին, իսկ Ֆրանսիայի նախագահի վերջին այցը Չինաստան տեղի է ունեցել 2019 թ.-ին։ Ավելի վաղ Ելիսեյան պալատում նշել են, որ «եկել Է Չինաստանի իշխանությունների հետ շփումները վերսկսելու ժամանակը», և որ կողմերը ցանկանում են «նոր խթան հաղորդել» գլոբալ խնդիրների շուրջ երկխոսությանը։

Չինաստանի ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ Մակրոնն առանձին հանդիպումներ կունենա ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական ​​կոմիտեի նախագահ Չժաո Լեցզիի հետ։ Ուղևորության ժամանակ Մակրոնին ուղեկցում են մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Politico հրատարակության տեղեկատվության համաձայն՝ դրանց թվում են Airbus ավիակոնցեռնի, EDF էներգետիկ ընկերության և Alstom մեքենաշինական ընկերության ներկայացուցիչները։ Ապրիլի 5-ին Չինաստան է մեկնելու նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Տեսանյութեր

Լրահոս