Ո՞ւմ կողմից է եղել մոնտաժված տեսանյութի արտահոսքը. Քննչական կոմիտեն խախտում չի տեսնում

Մարտի 31-ին Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Մհեր Սահակյանը ձերբակալվեց, ապա 72 ժամ անց ազատ արձակվեց: Նրան մեղադրանք առաջադրված չէ, քանի որ մեղադրանք առաջադրելու և պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է հաղթահարել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը: Մինչ այժմ գլխավոր դատախազը նման միջնորդություն չի ներկայացրել:

Արդեն մարտի 31-ի երեկոյան իշխանական լրատվամիջոցներում հրապարակվեց ԱԺ տեսանկարահանող սարքերով արձանագրված տեսանյութը, որը բազմաթիվ հարցեր առաջացրեց:

Հրապարակված տեսանյութի առաջին հատվածում երևում է ժամը, օրինակ, թե ինչպես են 11:15-ին պատգամավորները միմյանց հրմշտելով դուրս գալիս հանձնաժողովի նիստերի սենյակից և շարժվում դեպի ԱԺ հին և նոր մասնաշենքերը կապող, այսպես կոչված, «Լաչինի միջանցք»: «Լաչինի միջանցք»-ի հատվածում, սակայն, երևում է ժամը 11:08, ինչը խրոնոմետրաժի իմաստով ակնհայտ հակասություն է: Երբ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հասնում է խմբակցության սենյակների մոտ` տեսագրությունում երևում է ժամը 11:25: Ըստ տեսանյութի` Մհեր Սահակյանը 10 րոպե վազել է մի ճանապարհով, որը ամենադանդաղ քայլերի դեպքում նույնիսկ չէր կարող տևել 5 հինգ րոպեից ավելի: Ազատ արձակվելուց հետո Մհեր Սահակյանն արդեն միջանցքում վազելու կադրերը մեկնաբանեց հետևյալ կերպ՝ նիստից ուշացել էր ու վազում էր, որ րոպե առաջ հասնի կարևոր քննարկմանը:

Կարդացեք նաև

Ակնհայտ մոնտաժված տեսանյութը, բացի օբյեկտիվ իրականությունը պատկերելու տեսանկյունից հարցեր առաջացնելուց, նաև նախաքննությանը միջամտելու տարրեր է պարունակում: ԱԺ-ն հանդիսանում է ռեժիմային օբյեկտ, իսկ ներսում ձայնագրվող տեսախցիկները նախատեսված են անվտանգության համար: Ինչպե՞ս է ռեժիմային օբյեկտի ներքին շարժը պատկերող տեսագրությունը հայտնվել համացանցում, եթե դա ԱԺ անցագրային ռեժիմը կարգավորող նորմատիվ ակտով արգելված է:

Այդ տեսանյութերին ամեն ոք հասանելիություն չունի, որ դժվար լինի պարզել՝ ով, ում կարգադրությամբ է հասանելի դարձրել այն, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին ու շղթայական կերպով իշխանական ողջ մեդիային:

Տեսանյութում պատկերված կադրերը քրեական գործի՝ առգրավման ենթակա նյութեր են, որոնք ապացույցների հետազոտման տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեն: Հետևաբար, տեսանյութի «սլիվը» նշանակում է միջամտություն ապացույցներին, և մեղքի վերաբերյալ մյուս, հայցվոր կողմի օգտին առավելություն են ապահովել: Չի բացառվում, որ արդեն իրական ապացույցը մոնտաժել են, ու էական հանգամանքներ արդեն իսկ հասանելի չեն:

168.am-ը Քննչական կոմիտեից (ՔԿ) փորձեց պարզել՝ քննության առարկա դարձե՞լ է արդյոք ԱԺ-ից տեսանյութի արտահոսքի խնդիրը, որի արդյունքում մենք տեսանք մոնտաժված տեսանյութ, ինչն ինքնին միջամտություն է նախաքննությանը: Հարցրեցինք՝ ո՞վ է կարգադրել կամ թույլատրել, ո՞ւմ կողմից է եղել արտահոսքը:

«Վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում միջանցքներում կամ որևէ այլ հատվածում հանցագործության հետագա շարունակման կամ այլ հանցագործության կատարման վերաբերյալ տվյալներ չի ստացել, հետևաբար միջանցքների տեսագրության հրապարակումը չի կարող դիտարկվել որպես առանց վարույթն իրականացնող մարմնի թույլատվության նախաքննական տվյալներ չհրապարակելու պահանջի խախտում»,- ասաց ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նկատեցինք, որ ակնհայտ էր՝ տեսանյութը մոնտաժված է, ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, որ ներսի իրադարձությունների վրա լույս սփռելու տեսանկյունից այդ տեսանյութերը կարևորություն չեն ներկայացնում, այդ թվում՝ ժամային, իրադարձային տեսանկյունից: Այսինքն՝ ըստ էության չի կարող այդ տեսանյութը կարևորություն չունենալ ներսում տեղի ունեցած դեպքը քննելու համակողմանիության տեսանկյունից:

«Համակողմանիության տեսանկյունից բոլոր միջոցները ձեռնարկվում են, անհրաժեշտության դեպքում նաև միջանցքների տեսագրությունները կվերցվեն ուսումնասիրության համար»,- հարցին ի պատասխան՝ ասացին Քննչական կոմիտեից:

Տեսանյութեր

Լրահոս