Եթե դիտորդների այդ մտավախություններն իրականանան, ԵՄ-ն ստիպված կլինի նախկինից տարբերվող արձագանք տալ. Եվրոպացի վերլուծաբան

«Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է»,- Deutsche Welle-ին օրերս տված աղմկահարույց հարցազրույցում ասել էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանն Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է»,- ասել էր Ռիտերը՝ հավելելով, որ հայերը շատ ուրախ են Եվրամիության դիտորդների ներկայությամբ:

ԵՄ առաքելության ղեկավարը նշել էր, որ դիտորդները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, հետևաբար՝ նրանք չեն կարող արձանագրել, օրինակ՝ հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։

«Մենք չենք կարող միջամտել։ Մենք մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»,- ասել էր Ռիտերը։

Կարդացեք նաև

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Մարկուս Ռիտերի հայտարարությունը՝ նշելով, թե նրա հայտարարությունները իբր հիմնված են հայկական կողմի կեղծ պնդումների վրա, և, որ այդ առաքելությունը չպետք է չարաշահվի, որպեսզի վնաս չհասցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս անդրադարձել է ԵՄ առաքելությանը՝ նշելով, թե Երևանը չպետք է չարաշահի ԵՄ առաքելության ներկայությունը՝ այն որպես պատրվակ օգտագործելով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին վնասելու նպատակով:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը, որքան էլ սահմանափակ լիազորություններ ունի, այնուամենայնիվ ունի զսպող դերակատարություն ռեգիոնում:

Ըստ նրա, նախորդ առաքելության ընթացքում լուրջ բախումներ, հարձակումներ տեղի չունեցան, իսկ ներկայիս առաքելությունն աշխատում է շատ ավելի դրամատիկ ու լարված փուլում, համապատասխան զեկույցները վստահաբար իրավիճակի մասին կազմվում են:

«Սակայն այս ընթացքում ԵՄ-ի կողմից չեն եղել սուր արձագանքներ, քանի որ աննախադեպ իրավիճակներ ևս չեն եղել: Սակայն ԵՄ առաքելության ղեկավարը հստակ մտավախություն է հայտնել, կա իրավիճակ, կոնկրետ ակնկալիքներ, և եթե լինի ռազմական մեծ լարվածություն, ապա դիտորդների զեկույցներին կհաջորդեն ԵՄ-ի կողմից կոշտ արձագանքներ, այլապես ԵՄ դիտորդները կհայտնվեն նույնպիսի կարգավիճակում, ինչ Ղարաբաղում ռուս խաղաղապահները, որոնք տեղում կանգնած են, սակայն մեծ լիազորություններ չունեն իրավիճակի վրա ազդելու համար: Կարծում եմ նաև, որ պատահական չէ, որ նման հարցազրույց է տրվել և ներկայացվել այդ մտավախությունը, դա ինչ-որ իմաստով նաև զգուշացնող բնույթ է կրում բոլոր կողմերի համար, որ թեև դիտորդները զենք չեն կրում, սակայն հարձակմանը հստակ արձագանքը կլինի»,- ասաց վերլուծաբանը:

Նա, ինչպես և շատ այլ վերլուծաբաններ, գտնում է, որ հայտարարությունները ներկայիս աշխարհաքաղաքականության պայմաններում քիչ բան են որոշում:

«Այստեղ ավելի որոշիչ ու վճռական դերակատարություն ունի ինքնին ներկայությունը: Անկախ նրանից, որ ԵՄ-ն ներկայումս չի դիտարկում պատժամիջոցներ, սակայն հարձակում արձանագրելը լուրջ իրավիճակ է, դրան չարձագանքելը պատշաճ՝ ավելի լուրջ, ուստի կարծում եմ, որ այնուամենայնիվ ԵՄ առաքելությունը պատահական չի ներկայացնում այս մտավախությունները, լավ տիրապետում է իրավիճակին, և եթե այդ մտավախություններն իրականանան, ԵՄ-ն ստիպված կլինի նախկինից տարբերվող արձագանք տալ, և դա կլինի կարևոր քայլ: Կարծում եմ՝ այս հաշվարկներն արված են:

Երկրների նկատմամբ ազդեցության միջոցները պատժամիջոցներով չեն սահմանափակվում կամ ավարտվում, ազդեցության շատ տարբեր միջոցառումներ կան, որոնք ԵՄ-ն կարող է նախաձեռնել: Եվ եթե ԵՄ-ն ցանկանում է Հարավային Կովկասում գործոն լինել, ապա չի կարող լինել միակողմանի»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930