Բաժիններ՝

Գրիգոր Նարեկացու տաղերը գրաբարով և աշխարհաբարով նոր շունչ են ստացել «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում

Ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» կինոնկարի հիմքում Գրիգոր Նարեկացու տաղերն են, որոնք թատրոնի և կինոյի ականավոր դերասանների շնորհիվ ներկայացվում են նոր ոգով ու շնչով:

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչված ֆիլմը հանդիսատեսը կարող է դիտել Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ապրիլի 5-6-7-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոնկարի սցենարի համահեղինակ և տաղերի մենակատար Վահե Բեգոյանն ասաց՝ հիմնադրամն ավելի վաղ ազգային ձայնադարան է ստեղծել և ձայնագրել է հայ երգարվեստի բացառիկ նմուշներ, այդ թվում Նարեկացու այն տաղերը, որոնք ներառվել են ֆիլմում:

«Հիմնադրամը որոշեց հանրահռչակել տաղերը՝ ստեղծելով այս կինոնկարը, որի մտահաղացման հեղինակն Արտակ Ալեքսանյանն է: Սա բացառիկ աշխատանք է, ծավալուն նախագիծ, որում ընդգրկված են հայ թատրոնի և կինոյի լավագույն դերակատարներից Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Թոփալյանը, Ռոզի Ավետիսը: Կինոնկարը կոմերցիոն բնույթ չունի: Բացի Նարեկացու հինգ տաղից, ներառված է երկու միջնադարյան տաղ, որոնց հեղինակները հայտնի չեն, և որոնք գրի է առել Կոմիտասը»,-պատմեց Բեգոյանը:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի տարբեր վանքերում: Ընտրել են միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց համարվող Հնեվանքը, Սուրբ Մինաս եկեղեցին, Գեղարդը, Սանահինը և այլն: Տաղերից զատ, այս ֆիլմով մեծացնում են նաև մշակութային հուշարձանների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը:

Ռեժիսոր Վահե Յանի համոզմամբ՝ մեր ժամանակներում շատ քիչ գործեր են ստեղծվում, որոնք դրական առումով ուղիղ ազդեցություն են ունենում մարդու հոգևոր աշխարհի վրա: Ըստ նրա՝ հիմնականում հակառակն է լինում և ավելի պահանջված են այն ֆիլմերը, որոնք քանդում են մարդու հոգին: ««Տաղ. հոգու ճանապարհ»-ը հոգևոր-երաժշտական ֆիլմ է: Տաղերը հնչում են գրաբարով և աշխարհաբարով: Դերասաններն իրենց կենցաղով, իրենց խաղով կարողանում են փոխանցել տաղերի իմաստն ու բովանդակությունը: Նրանք չեն մարմնավորում կերպարների: Դերասաններն իրենք իրենց են ներկայացնում»,-ասաց ռեժիսորը:

Ստեղծագործական կազմի խոսքով՝ Նարեկացին միջնադարյան պոեզիայի բարձրակետն է, առեղծվածային պոետ, որի տաղերով սկսվել է վերածնունդը հայ մշակույթում: Նարեկացուն ըստ արժանվույն ներկայացնելու համար անհրաժեշտ է եղել գտնել խոսքի իրական վարպետների:

Ռեժիսորը վստահեցնում է՝ ֆիլմը վավերագրական չէ, չունի գեղարվեստական սյուժե՝ սկիզբ, ընթացք, զարգացում, հանգուցալուծում, ավարտ, սակայն էությամբ ու մատուցմամբ գեղարվեստական է:

Հեղինակները ֆիլմով ցանկանում են ասել, որ Նարեկացու տաղերն այսօր շատ ավելի արդիական են, քան երբևէ: Աշխարհաբարով տաղերը հնչեցրել են այսօրվա մարդու համար, այսօրվա մարդու դիրքերից, մարդու, որն ապրում է մղձավանջում, իսկ տաղերը ցույց են տալիս հոգևորի ճանապարհը:

«Մեր խնդիրն էր ցույց տալ, որ տաղը միայն գրքում չէ, այլև առօրյայում է, որ այն կարդալու, ասելու համար պարտադիր չէ հատուկ գնալ եկեղեցի, այլ կարելի է դա ասել մտքի մեջ մեքենա վարելիս, ծառ կտրելիս, որովհետև դա հոգու պահանջ է»,-շեշտեց Վահե Յանը:

Ռեժիսորն ու սցենարի համահեղինակը փաստում են՝ աշխատել են սիրով, համերաշխությամբ ու անցել են իրենց ճանապարհը: Շեշտում են՝ ֆիլմն ստեղծել են, ոտքի են կանգնեցրել. այժմ այն իր կյանքով է ապրում: Հստակ չեն կարող ասել, թե ինչ ճակատագիր կունենա, սակայն չեն սահմանափակվի երեք ցուցադրությամբ: Հույս ունեն, որ ֆիլմը կգնահատվի և կցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս