Բաժիններ՝

Միլո Ջուկանովիչը 30 տարվա իշխանությունից հետո պարտվել է Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում

Չեռնոգորիայի երկարամյա ղեկավարը, որը տարբեր պաշտոններում կառավարել է հանրապետությունը 1991 թվականից, պարտություն է կրել նախագահական ընտրություններում։ Միլո Ջուկանովիչը պարտվել է երկրի նախկին էկոնոմիկայի նախարար, «Եվրոպան հիմա» շարժման ներկայացուցիչ Յակով Միլատովիչին:

36-ամյա Միլատովիչը կիրակի երեկոյան հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելու մասին՝ խոստանալով առաջիկա 5 տարիների ընթացքում Բալկանյան փոքր պետությունը տանել դեպի Եվրոպական Միություն:

Յակով Միլատովիչը հավաքել է ձայների մոտ 60%-ը, Ջուկանովիչը՝ 40%-ը։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից, սակայն Ջուկանովիչն ընդունել է իր պարտությունը՝ Միլատովիչին հաջողություններ մաղթելով նախագահի պաշտոնում: Միլո Ջուկանովիչը Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետն էր դարձել, երբ ստանձնել էր այդ պաշտոնը 1991 թ.՝ 29 տարեկան հասակում, Հարավսլավիայի կազմալուծման սկզբում: 2006 թ.-ին նա առաջնորդել էր Չեռնոգորիան դեպի անկախություն:

Հունիսին Չեռնոգորիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Չնայած նախագահի պաշտոնը Չեռնոգորիայում արարողակարգային նշանակություն ունի, սակայն ընտրություններում հաղթանակը կարող է մեծացնել խորհրդարանական ընտրություններում հաղթողի կուսակցության ընտրվելու հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս