Ապրիլյան ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու Ադրբեջանի նպատակը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ: Ադրբեջանական զինուժը ոչ միայն գրոհեց ԱՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև թիրախավորեց սահմանամերձ բնակավայրերը՝ պատճառելով ավերածություններ, սպանելով և ծանր վիրավորելով անմեղ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարեցին նաև բազմաթիվ վայրագություններ և պատերազմական հանցագործություններ, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների դաժան սպանություններ, գլխատումներ և սպանվածների մարմինների խոշտանգումներ։ Այդ դաժան հանցագործություններն իրականացնողները հետագայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ողմից արժանացան պետական խրախուսման, իսկ նրանց հանցագործությունները փառաբանվեցին ադրբեջանական հասարակության մեջ և ներկայացվեցին որպես օրինակելի վարքագիծ:

Ապրիլյան ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու և հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի հեռահար նպատակները։ Ավելին, Ադրբեջանի հանցավոր գործողությունների անպատժելիությունը և ստանձնած պարտավորությունները չկատարելու հանդեպ միջազգային հանրության հանդուրժողականությունը, ըստ էության, պարարտ հող նախապատրաստեցին և հնարավորություն ստեղծեցին Արցախի դեմ Ադրբեջանի նոր սադրանքների և ագրեսիայի համար։

Արդյունքում, ընդամենը չորս տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, նոր լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ օկուպացնելով և էթնիկ զտման ենթարկելով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը։ Այսօր էլ, լիակատար անպատժելիության և անտարբերության մթնոլորտում, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ և ահաբեկչական քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ շուրջ 4 ամիս Արցախի 120.000 բնակչությանը պահելով անօրինական շրջափակման մեջ, պարբերաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով ինչպես ԱՀ ՊԲ զինծառայողներին, այնպես էլ խաղաղ բնակչությանը, գրավելով նոր տարածքներ և ռազմավարական բարձունքներ, խաթարելով Արցախի ժողովրդի տարրական կենցաղային պայմաններն ապահովող ենթակառուցվածքների աշխատանքը։

Արցախի ժողովրդի դեմ շարունակվող Ադրբեջանի անօրինական գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները և վարում են Արցախի հայաթափման և օկուպացման հետևողական քաղաքականություն։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը կանխելու և, նախքան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելը, Արցախում բնականոն կենսագործունեության ապահովման մեխանիզմներ և երաշխիքներ ներդնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորում ենք Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ինչն անհրաժեշտ նախադրյալ է նրա իրավունքների, անվտանգության և խաղաղ զարգացման ապահովման համար։

Տեսանյութեր

Լրահոս