Էլի մի սպայի դատելով խնդի՞ր են լուծելու. Սոթքից մինչև Ներքին Հանդ, Նռնաձոր ձգվող սահմանային հատվածով, բոլոր կարևոր ռազմավարական բարձունքներում թշնամին է տեղակայված. Շիրազ Խաչատրյան
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
Կառավարության նիստում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:
«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»,- շարունակել էր Փաշինյանը:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ եղել են քարտեզների տարընթերցումներ և 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ԱԱԾ հայտարարությունը, մեղմ ասած, համարեց խայտառակություն և ուշադրություն հրավիրեց մի կարևոր փաստի վրա, որը Փաշինյանի արած հայտարարության մեջ է:
«Այս իշխանությունները չեն սպասարկում մեր պետական շահը, ու իրենց հանցավոր անգործության հետևանքով մեր երկրի տարածքները մաս-մաս հանձնելու են թշնամուն։ Սա էմոցիոնալ ասելիք չի, այլ սովորական փաստ։ Պարզապես պետք է ժամանակագրական էքսկուրս կատարել, և կտեսնենք, որ բացի զիջելուց, հանձնելուց՝ սրանք ոչ մի բանի ունակություն չունեն։ ԱԱԾ տարածած վերջին հայտարարությունը խայտառակություն էր։ Իսկ նույն օրը Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված։ Տեղակայվե՞լ են, բա ինչո՞ւմն է խնդիրը, որ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել, այն էլ սահմանագծի տարբեր հատվածներում, որտե՞ղ են եղել մեր զորքերը, ինչո՞ւ են թույլ տվել թշնամուն մեր սուվերեն տարածքում առաջ գալ։ Բա հիմա ո՞վ է պատասխանատուն նման հանցավոր անգործության համար։ Էլի մի սպայի դատելով խնդի՞ր են լուծելու… Պարզ է, չէ՞, որ մեր տարածքներն ամեն անգամ կրճատվում են այս իշխանությունների պատճառով, սրանք անընդհատ զիջում են, հանձնել են Արցախը, մարսել են, հանձնել են ՀՀ սուվերեն տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, մարսել են, էլի նույն տեմպերով շարունակելու են զիջել ու զիջել։ Հիմա Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի սահմանային հատվածի տարբեր կետերում ադրբեջանական զորքերի վերջին առաջխաղացման շուրջ ստեղծված իրավիճակը նորություն չի։
Հիշեցնեմ՝ նույնպիսի իրավիճակ ստեղծվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ դեռևս Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները ժամանակավոր մեր ձեռքում էին, այս իշխանությունները չօգտվեցին այդ հնարավորությունից ու նոր ձևավորվող մեծ սահմանագծի ամբողջ հատվածով բարվոք դիրքեր չզբաղեցրեցին, իսկ վերը նշած շրջանների հանձնումից հետո ադրբեջանցիները հանգիստ ձևով եկան ու «նստեցին» իրենց ուզած բարձունքներում, որոնք 2021-2022թթ. իրենց կողմից իրականացրած էսկալացիաների համար ռազմավարական և մարտավարական կարևոր նշանակություն ունեցան։ Նույն պատկերն էր նաև 2021թ. մայիսին, երբ թշնամին Սոթք-Խոզնավար հատվածում, կրկին մեր տարածքների հաշվին, կարևոր ռազմավարական բարձունքներ զբաղեցրեցին, հետագայում նման իրավիճակ ստեղծվեց նաև Նռնաձորի, Ներքին Հանդի, Փելա սարի հատվածներում, երբ առանց կրակոցի թշնամին ահագին խորք էր մտել ու տեղակայվել, իսկ ԱԱԾ-ն ու այս իշխանությունները երկար ժամանակ դիրքային փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ժխտում էին։ Օրինակները շատ են, թե ինչպիսի դավաճանական և հակապետական քայլեր են իրականացրել այս իշխանությունները»,- ասաց փորձագետը:
Վերադառնալով Տեղ-Աղավնո-Կոռնիձոր գյուղերի սահմանային հատվածում ադրբեջանցիների տեղակայումներին, Շիրազ Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանցիները կրկին մեկ քայլ առաջ են ընկել, օգտվել են այն իրավիճակից, որ մեր Սահմանապահ զորքերը ժամանակին չեն տեղակայվել շուրջ 5 կիլոմետր ձգվող այդ հատվածում, և բարենպաստ դիրքեր են զբաղեցրել։
«Ադրբեջանական կողմն այդ հատվածում ոչ միայն 5 կարևոր կետերում է խորացել, առաջ եկել, այլ մնացյալ հատվածներում տեղակայվել է անմիջապես մեր սահմանագծին, այդպիսով մեր տարածքների հաշվին ձևավորելով մեծ չեզոք գոտի։ Ստացվում է՝ Սոթքից մինչև Ներքին Հանդ, Նռնաձոր ձգվող սահմանային հատվածով, գրեթե բոլոր կարևոր ռազմավարական բարձունքներում թշնամին է տեղակայված, որը երկարատև ռազմավարական պլաններ ունի Հայաստանի տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի հետ կապված»,- շարունակեց Խաչատրյանը:
Նրա խոսքով, մեծ հաշվով, ՀՀ արևելյան բոլոր մարզերի առնչությամբ ադրբեջանական կողմը նույն պլաններն ու օրակարգն ունի, ինչը բոլորի համար ակնհայտ է: