Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
1. Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
2. 2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով եւ իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:
3. Համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախօրեին ձեռբերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
4. Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ:
5. Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
6. Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
7. Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետեւ դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության:
ՀՀ ԱԱԾ