ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը պարզաբանել է Հայաստանում սպասվող հանրաքվեի վերաբերյալ ակնկալիքները

ԵԱՏՄ անդամ երկրների համար «անընդունելի է այն իրավիճակը», երբ Հայաստանը, օրենսդրական մակարդակով ամրագրելով ԵՄ-ին անդամակցելու իր մտադրությունը, «շարունակում է օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բոլոր բարիքներից և առավելություններից»։ Այս համատեքստում Մոսկվայում «թերահավատորեն են վերաբերվում» այն հանգամանքին, որ հայկական ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այս միավորումներին անդամակցության վերաբերյալ։ Այս մասին RTVI-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տնտեսական անվտանգությանն սպառնացող ռիսկերի վերաբերյալ մտահոգություն են հայտնել նշյալ չորս պետությունների ղեկավարները մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում», — նշել է Միխայիլ Գալուզինը RTVI-ի հետ զրույցում։

Դիվանագետի խոսքով՝ մինչև դեկտեմբեր «փորձագետները կմշակեն տնտեսական և իրավական այն մեխանիզմները», որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքներին։

ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՏՄ անդամ չորս երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ «հանդես են եկել հանրաքվեն հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնելու օգտին, քանի որ, ըստ հենց հայկական օրենսդրության, վերպետական ինտեգրացիոն կառույցներին անդամակցելու համար հանրաքվեի անցկացումը պարտադիր պայման է»։

«Անկեղծ ասած, մենք չենք հասկանում, թե ինչու է հայկական ղեկավարությունը ձգձգում երկրի բնակչության կարծիքը հարցնելու գործընթացը՝ այսքան կարևոր հարցում։ Չեմ բացառում, որ այդ դանդաղկոտության հիմքում ինչ-որ կոնյունկտուրային նկատառումներ կան», — հավելել է փոխնախարարը հանրաքվեի թեմայի առնչությամբ։
Ըստ RTVI-ի զրուցակցի՝ ԵԱՏՄ անդամների համար «անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում և օրենսդրորեն ամրագրում է իր՝ այսպես կոչված եվրոպական ձգտումները՝ միաժամանակ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բոլոր առավելություններից»։

«Ես համաձայն չեմ ձեզ հետ։ Իմ կարծիքով՝ Հայաստանում անցյալ տարվա ապրիլին ընդունված օրենքը վերնագրված է «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին»։ Ի՞նչ ապացույց է հարկավոր արձանագրելու համար, որ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը մեկնարկել է. ընդունվել է հատուկ օրենք։ Այստեղ այլ մեկնաբանություններ լինել չեն կարող», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը՝ ի պատասխան այն դիտարկման, որ Հայաստանը դեռևս պաշտոնական հայտ չի ներկայացրել և թեկնածուի կարգավիճակ չունի։
«Ընդհանուր առմամբ, այն հարցը, թե կոնկրետ ինչ ընթացակարգային քայլեր են ձեռնարկվել, սկզբունքային նշանակություն չունի։ Առանցքային նշանակություն ունի այն փաստը, որ կա խորհրդարանի կողմից ընդունված և երկրի նախագահի ստորագրած օրենք, ինչպես նաև Հայաստանը Եվրամիությանն ինտեգրելու գործնական քայլեր», — եզրափակել է Միխայիլ Գալուզինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930