
Արցախի իշխանությունները կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը պետք է վերցնեն իրենց ձեռքը և սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ, այլ ոչ թե ստանձնեն «քաղաքական դեկորացիայի» դեր». Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը գրում է. «Այն օրվանից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պաշտոնապես սկսեցին դիտարկել զուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում, այդ օրվանից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2020թվականի նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը։ Փաստացի Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հրաժարվեցին իրենց գլխավոր պարտականություններից մեկից՝ քանի դեռ Արցախը ճանաչված չէ, ՀՀ-ն է պարտավոր կարգավիճակի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում և կրել կարգավիճակի բեռը՝ համենայն դեպս այդպես եղել է մինչև 2018 թվականը: Սակայն սա նշանակում է արդյոք, որ Արցախի իշխանությունները որևէ անելիք չունեն և պետք է «հանգիստ նստեն տեղները»: Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞, զգու՞մ է այդ հարցում իր պատասխանատվությունը:
Ինքնորոշման իրավունք իրացնող սուբյեկտը պետք է առնվազն քաղաքական ձգտում դրսևորի իր կարգավիճակի հարցում պատասխանատվության թե չափի, թե բովանդակության ձևավորման համար: Ընդ որում, այդ ձգտումն է, որ կարող է տալ հնարավորություն կարգավիճակի հարցի չփակվելուն: Արցախի իշխանությունները կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը պետք է վերցնեն իրենց ձեռքը և սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ, այլ ոչ թե ստանձնեն «քաղաքական դեկորացիայի» դեր»: