Նախկինների ձեռքբերումներն ու ներկաների խոստումները. ԲՏԱ նախարարի խոստումների հետքերով

Հայաստանը փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջազգային ռազմական ցուցահանդեսին մասնակցել է հայկական մոտ 20 ընկերություն, ներկայացվել են ինժեներական զորքերի սարքավորումներ, նավիգացիոն (նավարկային) համակարգեր, օպտիկական հետախուզության համակարգեր, ռադիոլոկացիոն սարքավորումներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և այլն:

Անցել է մեկ ամիս, և պարզ չէ՝ ինչո՞վ վերադարձավ Հայաստանն այդ ցուցահանդեսից, ի՞նչ պայմանավորվածություններ եղան մասնակից այլ երկրների հետ, և այլն:

168.am-ն այս հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Կարդացեք նաև

«Աբու Դաբիում կայացած «IDEX 2023» պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու արդյունքում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները, ծանոթացել ցուցահանդեսին ներկայացված նորագույն մշակումներին, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերել արտերկրի գործընկերների հետ՝ համագործակցություն կառուցելու և ընդլայնելու շուրջ»,- ասաց ԲՏԱ նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը:

Ի դեպ, 168.amգրել էր, որ Աբու Դաբիում ներկայացված հայկական տաղավարում ռազմարդյունաբերության նորագույն նմուշների անվան տակ հրապարակված լուսանկարներում կարելի էր նկատել հայկական «Արագած» ընկերության նախագծած սարքերը կամ արդիականացրած համակարգը, որն իրականություն է դարձել դեռևս նախկին իշխանությունների օրոք: Խոսքը, մասնավորապես, «Ֆագոտ» հակատանկային համակարգի մասին է:

ՀՀ-ում անցկացված «ArmHitec-2016» սպառազինության ցուցահանդեսին մասնակցած «Արագած» ընկերությունից լրագրողներին հայտնել էին, որ «Ֆագոտ» համակարգի վրա տեղադրել են ջերմադիտարկման սարք: Ի դեպ, ArmHiTec-2016-ին մասնակցել էր նաև այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: 

««Ֆագոտը» կրակում է միայն ցերեկը, իսկ ջերմատեսիլ սարքը ցույց է տալիս նաև գիշերը, և համակարգը դառնում է շուրջօրյա։ Այսինքն, ցանկացած եղանակային և այլ պայմաններում՝ գիշեր-ցերեկ, թույլ մառախուղ, վատ տեսանելիություն պայմաններում, մշուշ և այլն: «Ֆագոտը» տեսնում է և 4000 մետր հեռավորության վրա հնարավորություն ունի խոցելու հակառակորդի տանկերը՝ իր կրակի վարման առավելագույն հեռավորության վրա: Այժմ այն նույնքան հեռավորության վրա թիրախները կարողանում է խոցել նաև գիշերը»,- լրագրողներին մանրամասնել էր «Արագած» ռազմաարդյունաբերական ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանը:

ArmHiTec-2016-ից ավելի ուշ՝ 2018-ի գարնանը, երբ դեռ «թավշյա հեղափոխություն» չէր եղել, Հովհաննես Ղարիբյանը տեղեկացրել էր, որ արդիականացված «Ֆագոտ» համակարգը, գիշերային տեսանելիության սեփական սարքերը, արդեն բավական ժամանակ է՝ մատակարարում են բանակին:

Իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 168.am-ը հիշեցրել է 2021թ. փետրվարին այդ ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոստումը, որ Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել, իսկ տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են:

Գերատեսչությունից մեզ վստահեցրեցին, որ «Հայաստանում կազմակերպված է հրետանային միջոցների և արկերի արտադրություն, որոնց նմուշները ներկայացված են եղել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին»:

Ինչ վերաբերում է հարվածային ԱԹՍ-ների արտադրության խոստումներին, ԲՏԱ նախարարության մամուլի խոսնակը նշեց.

«ՀՀ ՌԱՀ-ի մի շարք ընկերություններ զբաղվում են ԱԹՍ-ների, այդ թվում՝ դրանց հարվածային տարբերակների մշակմամբ ու արտադրությամբ: Որոշ նմուշներ արդեն իսկ հաջողությամբ անցել են փորձարկումների փուլերը և մատակարարվել են ՀՀ զինված ուժերին: Միաժամանակ, ՀՀ ԲՏԱ և ՊՆ նախարարությունները, ՀՀ ՌԱՀ-ի ընկերությունների հետ, նախաձեռնել են ՀՀ զինված ուժերում ԱԹՍ-ների սպասարկող և գործարկող անձնակազմ պատրաստելու գործընթացը»:

Խոստումների պակաս երբևէ չի եղել, մնում է, որ դրանից բանակն իրապես շահի, և արդյունքները շոշափելի լինեն:

Տեսանյութեր

Լրահոս