ԵՄ առաքելության տեղակայումը սահմանին կանխեց լայնածավալ պրովոկացիա. Պարույր Հովհաննիսյան

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելուց հետո, անդրադարձավ նաև ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին, որը նրան ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Դուք գիտեք, որ Արևմուտք-Ռուսաստան այս սրացող հարաբերությունների ֆոնին երկու կողմերից տարատեսակ գնահատականներ էին հնչում ԵՄ առաքելության վերաբերյալ։ Ռուսաստանը դա ընկալում է, և պաշտոնական մակարդակում գնահատականներ են հնչում, որ դա ընկալում է՝ որպես իր դեմ արված քայլ։ Արևմուտքից մեկնաբանություններ են հնչում նաև, որ դա Ռուսաստանի դեմ է իրականացվում՝ զսպող ինչ-որ հանգամանք է։ Դուք ասացիք, որ ԵՄ առաքելությունը նպաստեց և զսպող դեր խաղաց։ Կխնդրեմ, այս գնահատականների վերաբերյալ Ձեր մեկնաբանությունն ասեք, և ինչպե՞ս նպաստեց բառի բացվածքը տվեք»,- նշեց Ագնեսա Խամոյանը։

Պատասխանելով հարցին՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ իսկապես ԵՄ առաքելության տեղակայումն առաջացրեց որոշակի հարցեր, և դրա ուղղությամբ շարունակում են բացատրական աշխատանքներ տանել։

«Բացատրում ենք, թե ինչն է պատճառը և ինչն է առաքելության նպատակները, կարող ենք արդեն օրինակներ բերել, օրինակ, Իրանի դեպքում, որը նույնպես շատ զգայուն է  տարածաշրջանում առաքելությունների ստեղծման հարցի նկատմամբ, նրա կողմից բավականին դրական արձագանք հնչեց։ Սա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում ընկալումն այլ է։

Կարդացեք նաև

ԵՄ առաքելության տեղակայումից հետո որոշակի չափով նվազել է պրովոկացիաների թիվը սահմանին։ Կարծում ենք՝ մեծ դեր խաղաց ավելի լայնամասշտաբ պրովոկացիա կանխելու գործում, իհարկե, դրա մասին չենք կարող ներկայացնել որևէ փաստ, բայց այդուամենայնիվ, սա մեր գնահատականն է»,- շեշտեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս