Բաժիններ՝

«Մենք ամեն ձևով ձեր կողքին ենք». 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այցելել են «Զինվորի տուն»

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրներն ու անդամները բացառապես 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն են, մարտի 16-ին այցելել էին «Զինվորի տուն», հանդիպել այնտեղ բուժում ստացող տղաներին և մտերմիկ զրույց ունեցել նրանց հետ:

Հանդիպման ընթացքում տղաները զոհված զինծառայողների ծնողներին պատմեցին իրենց առօրյայի,  ինչպես նաև  բուժման ընթացքի մասին: Որդեկորույս ծնողները տղաներից նաև հետաքրքրվեցին, թե նրանք որտե՞ղ են ծառայել, իսկ, երբ զորամասը համընկնում էր իրենց որդիների ծառայած զորամասի հետ, հետաքրքրվում էին,  թե արդյոք ճանաչե՞լ են իրենց տղաներին: Եվ այո՛, եղան նաև այդպիսի դեպքեր, երբ տղաները ճանաչեցին իրենց հյուր եկած ծնողների տղաներին:

Ծնողները «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության կողմից պատվոգիր հանձնեցին «Զինվորի տան» գլխավոր բժիշկ Միքայել Սահակյանին.

Կարդացեք նաև

«Որդիների կանչ սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը պարգևատրում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին հայի վեհ կոչումին հավատարիմ մնալու, բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, զինվորին բարձրագույն արժեք համարելու, ամենքից ու ամեն ինչից վեր դասելու և մշտապես ձեռք մեկնելու համար: Շնորհակա՛լ ենք սպիտակ բանակի մարտիկներին»,- պատվոգիրը հանձնելիս ասաց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:

 

Միքայել Սահակյանն էլ իր հերթին՝ շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ ասելով, որ նրանց կողմից տրված պատվոգիրը պատվաբեր է և պարտավորեցնող.

«Այն աշխատանքը, որ արվում է, ու մենք արժանանում ենք նման գնահատանքի, նաև ի վերուստ աշխատանք է՝ բարձրյալի օգնությամբ: Այս ամենը,  ինչ կա մեր զինվորների, զինհաշմանդամների, զինծառայողների համար, մենք ջանք ու եռանդ չենք խնայել և էլի շարունակելու ենք՝ ի բարօրություն մեր բոլոր տղաների առողջության, յուրաքանչյուրի առողջությունը մեր ամենագլխավոր, գերագույն նպատակն է և շարունակելու է մնալ այդպիսին: Շնորհակալություն ձեզ բարձր գնահատանքի համար»:

Ծնողները նաև քաղցրավենիք էին տարել զինվորիների համար, այնպես, ինչպես հարազատ զավակի համար։

«Ոնց որ մեր տղաների համար կվազեինք խանութ, վայ, սրանից վերցնենք, սա է սիրում, այդպես էլ ձեր համար ենք մի փոքր քաղցր բերել»:

Տղաների համար ծնողները նաև էլեկտրական սրճեփ էին տարել: Տղաներն անկեղծացան՝ էլ ստիպված չեն լինի սուրճ պատրաստելու վրա ժամանակ ծախսել.

«Սուրճ շատ ենք խմում, հիմա կնոպկան կսեղմենք, կխմենք…»:

Տղաները նոր սարքով առաջին սուրճը հենց ծնողների համար պատրաստեցին և հյուրասիրեցին»:

«Մենք ամեն ձևով ձեր կողքին ենք, այս հանդիպումները շարունակական կլինեն, հաջորդ անգամ ծնողների մի ուրիշ խումբ կգա…»,- ասացին ծնողները, ապա շրջայց կատարեցին «Զինվորի տանը», ծանոթացան տղաների բուժման պայմաններին և հաստատությունից դուրս գալուց հետո ուրախությամբ նշեցին, որ «Զինվորի տունը» հագեցած է այն ամենով, ինչն այսօր անհրաժեշտ է զինվորների առողջությունը վերականգնելու համար.

«Շատ դրական լիցքերով դուրս ենք եկել «Զինվորի տնից»՝ այն հույսով, որ այնտեղ գտնվող բոլոր տղաները պետք է առողջանան և հասնեն իրենց ծնողներին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:

Նա ուրախությամբ նշեց, որ տղաների հետ շփման արդյունքում գտավ մի զինվորի, որը ծառայել է իր Մխիթարի հետ.

«Անձամբ ես գտա մի տղայի, ով ճանաչել է Մխիթարիս, երկար զրուցեցինք, շատ հաճելի զրույց էր… Ծնողը մեկ անգամ ևս լսեց իր որդու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս