Դախլի հակառակ կողմը

Քաղաքական ու պետական գործիչների տարբերության մասին կան տասնյակ տեսություններ, հազարավոր գեղեցիկ արտահայտություններ ու բազմաթիվ ցցուն օրինակներ։ Դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով ունի պետական գործչի զրոյական հատկանիշներ, և իրեն դրսևորում է հարյուր տոկոսով՝ որպես քաղաքական գործիչ։

Պետական ու քաղաքական գործիչները, ի թիվս բազմաթիվ տարբերությունների, իրարից զատվում են ամենակարևոր՝ շահերին վերաբերող հարցում։ Պետական գործիչ դարձած այրն առաջնորդվում է պետության շահերով, մինչդեռ քաղաքական գործիչ մնացածն ու այդ դերում հայտնվածը շարունակում է հետապնդել իր սեփական-անձնային կամ խմբակային-քաղաքական շահերը։ Նիկոլ Փաշինյանի պարագայում գործ ունենք հենց այս՝ երկրորդ դեպքի հետ։ Նա արդեն հինգ տարի զբաղեցնում է պետության ղեկավարի դերը, սակայն այդպես էլ մազաչափ անգամ չի մոտեցել պետական գործչի նվազագույն չափանիշներին։ Նա ընդամենը երկրի բարձրագույն պաշտոնն օգտագործում է իր անձնական նեղ կուսակցական շահերը սպասարկելու համար։

Նաև դա է պատճառը, որ, օրինակ, սեփական թիմակիցներին կոռուպցիոն մեղադրանքներից պաշտպանելու հարցում դրսևորում է որսին պահպանող աղվեսի նախանձախնդրություն, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի կամ Արցախի անվտանգությանը, նապաստակի վախվորածությամբ դառնում է խաղաղություն մուրացող։

Նիկոլ Փաշինյանի համար պետական շահերը կարևոր են այնքանով, որքանով դրանց հետապնդումը նպաստում է իր անձնական կամ քաղաքական շահերի բավարարմանը։ Հայաստանի ղեկավարի պաշտոնում նա պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ իր իշխանության շահերը՝ անհրաժեշտության դեպքում պետական շահերը զոհաբերելով իշխանության պահպանման նպատակին։ Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, մաքուր հակապետական գործունեություն է։ Բայց դա դիմադրության չի արժանանում նաև այն պատճառով, որ հանրության եթե ոչ՝ զգալի, ապա՝ պատկառելի հատվածը մտածում է իր հանգույն՝ սեփական շահերը գերադասելով ամենայնից, այդ թվում՝ պետական շահերից։ Դա է Նիկոլ Փաշինյանի իշխանության չերևացող հիմնասյուներից մեկը։

Կարդացեք նաև

Արդյունքում՝ ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները հետապնդող, դրանց հասնելու համար անհրաժեշտ շահեր սպասարկող  կազմավորումից պետությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական խմբակի ճղճիմ շահերը բավարարող միավորի։ Անձամբ քաղաքական գործչից պետական այր դառնալու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը պետությունը դարձրել է քաղաքական առևտրի ակտիվ և մաս-մաս վաճառում է այն՝ իր անձնական շահերի բավարարման նպատակով։

Հենց դա է «Երկրի հակառակ կողմը» ցնդաբանության իմաստը հակառակը վաճառասեղանի մյուս կողմն է, որում գտնվողը վաճառում է ցուցադրվողը, տվյալ դեպքում՝ պետությունը։ Այս իրավիճակից ելքը պետությունը քաղաքական տոնավաճառից հանելն ու իր բացառիկ դերին վերադարձնելն է։

Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը քննարկի ոչ թե Նիկոլ Փաշինյանի քառաժամ բարբաջանքները, այլ 40 տարբեր վայրերում հնչող այլընտրանքային մտքերն ու գաղափարները։ Քանի դա տեղի չի ունեցել, քաղաքական կյանք կոչվածը խարխափելու է ասուլիսից ասուլիս ընկած միջակայքում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակելու է բավարարել իր շահերը։ Պետությունից մնացած փշրանքների հաշվին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս