Ռուսաստանը վտանգավոր թշնամի է. մեջքից խփել չի՛ կարելի. Խոսրով Հարությունյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնում էր Կառավարության 2021-2026 թվականի ծրագրի 2022 թվականի կատարման հաշվետվությունը։

Զեկույցի ներկայացման ընթացքում Պաշտպանության նախարարից ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին՝ արդյոք կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած տեսակետը, որ Հայաստանը հեռանում է ՀԱՊԿ-ից, և այդ դեպքում ո՞րն է լինելու ՀԱՊԿ-ի այլընտրանքը Հայաստանում։

Չխոսելով առանց ՀԱՊԿ Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, Սուրեն Պապիկյանն ասաց.

«Ես չեմ ուզում մտնել քննարկման մեջ, թե որն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, որովհետև եթե հղում եք անում վարչապետի ասուլիսին, նա հնչեցրել է, որ Հայաստանը ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողները կան, Հայաստանից են դուրս գալիս: Բայց նաև դրանով մենք մտահոգ ենք, ՊՆ-ն և ՊՆ նախարարն էլ իրականացնում են այն գործունեությունը, որով պետք է առաջնորդվենք՝ մեր միջազգային պարտավորությունների համաձայն»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ի տարբերություն Սուրեն Պապիկյանի, առանց ՀԱՊԿ-ի ռազմական համագործակցության մնալու դեպքում հնարավոր վտանգների մասին խոսեց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«ՀԱՊԿ-ը առաջին հերթին ռուսական կառույց է։ Հայաստանն անդամակցել ՀԱՊԿ-ին՝ նպատակ ունենալով խորացնել հենց Ռուսաստանի հետ իր ռազմաքաղաքական հարաբերությունները։ Հայաստանը երբեք չի էլ ապրել ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների խնդիրներով, ինչպես որ նրանք մերով չեն ապրել ու չեն ապրում։ Ինչպես որ մեզ համար են մեկ, բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների անվտանգային խնդիրները, այնպես էլ մեր սպառնալիքներն են մեկ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների համար, բացի Ռուսաստանից»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս պարզ ճշմարտությունը գիտակցելով է պետք մոտենալ ՀԱՊԿ-ին, որից հրաժարվելուց հետո հավաքական արևմուտքը Հայաստանի անվտանգության հարցը կպատվիրակի Թուրքիային։

Ըստ Հայաստանի նախկին վարչապետի՝ ընդունելով հանդերձ և տեսնելով այն բազմաթիվ բացթողումները, որոնք Ռուսաստանը ցուցաբերում է Հայաստանի և Արցախի նկատմամբ, աներկբա է մեկ բան՝ Ռուսաստանի հետ պետք է վերանայել մեր հարաբերությունները, կարգավորել դրանք, որքան էլ այդ գործը դժվար լինի։

«Ռուսաստանի գործընկեր լինելը շատ դժվար է, բայց թշնամի լինելը վտանգավոր սպառնալիք է։ Ռուսաստանին չի կարելի մեջքից խփել, որովհետև Ռուսաստանը մեզ տալիս է առաջինը՝ գազ. գիտեք՝ նախորդ օրը մեկն ասում էր, թե այլ տեղից գազ կգնենք, բայց որտեղի՞ց եք գտնելու, չէ՞ որ Իրանի գազատարի հզորությունը 2 միլիարդ 300 միլիոն խմ է, որից 700 միլիոն խմ-ն օգտագործում է հենց Իրանը, տակը մնում է 1.5 միլիարդ խմ գազ, իսկ Հայաստանի պահանջարկը միշտ էլ 2 միլիարդ խմ-ից ավելի է, հետևապես՝ այլ տեղից գազ գտնելու մասին հեքիաթներ թող չպատմեն։ Բացի այդ, Իրանը Ռուսաստանի ռազմաքաղաքական հեղինակությունը նվազեցնող որևէ քայլի չի գնա, իր քայլերը կհամաձայնեցնի Ռուսաստանի հետ, որովհետև ի տարբերություն Հայաստանի, Իրանը լուրջ պետություն է»,- Ռուսաստանին այլընտրանք գտնել փորձողների համար մանրամասնեց Հարությունյանը։

Ռուսաստանը մեզ տալիս է նաև ատոմակայանի վառելիք,- շարունակեց Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով.

«Եթե ոչ Ռուսաստանը, ապա ո՞վ է մեզ տալու այդ վառելիքը, թե՞ ուզում են ատոմակայանը փակեն և վերադառնան հովհարային անջատումներին։ Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանելու հաջորդ պատճառը արտահանման ծավալներն են։ Այսօր Ռուսաստանի շուկան Հայաստանի տնտեսության փրկարար օղակն է, իսկ եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե Ռուսաստանի փոխարեն՝ կարտահանեն ապրանք Թուրքիա, ապա նրանց պետք է հիասթափեցնեմ՝ Թուրքիան Հայաստանի ապրանքի կարիքը չունի, մյուս կողմից՝ բա եթե արտահանող եք, ի՞նչն է խանգարում, որ հիմա դա անեք, ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայից ապրանք բերում եք, բայց Հայաստանից չեք արտահանում, հետևապես, կրկնում եմ՝ Ռուսաստանի հետ պետք է գնալ հարաբերությունների կարգավորման՝ հանուն հայկական շահի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս