Բացահայտվել է առանց պետական գրանցման ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանման դեպք. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կեմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը: Oրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։
Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Արմավիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ` պարզելու տվյալ անձանց ինքնությունը, շրջանակը, ինչպես նաև գործունեության իրականացման վայրը:
Շուրջօրյա ռեժիմով իրականացված ուժեղացված օպերատիվ հսկողության շնորհիվ, նշված միջոցառումներն իրենց դրական արդյունքն են տվել:
Արմավիրի մարզի բնակիչ Ռ.Մ.-ն, չունենալով պետական գրանցում և ընդերքօգտագործման թույլտվություն, Արմավիր մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում գտնվող ավազակոպճային հանքից արդյունահանել և իրեն պատկանող բեռնատարով մեկ այլ տարածք է տեղափոխել ավազակոպճային զանգված և ստացել` ձեռնարկատիրական եկամուտ: Պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվար ամսին, ընդհանուր առմամբ, քաղաքացու կողմից այդ նույն տարածքից արդյունահանվել և տեղափոխվել է մոտ 150 խորանարդ մետր ավազակոպճային զանգված: Արդյունքում, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Միաժամանակ, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն` ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով վարչական վարույթ իրականացնելու նպատակով:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: