Այս տեմպով շարունակվելու դեպքում Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելը ժամանակի ընթացքում կդառնա կարճ տեխնիկական հարց. Ռուս վերլուծաբան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին առավոտից տարածվող տեղեկությունները կեսօրին հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հունանյանը:

Հիշեցնենք, որ անցնող ամիսների ընթացքում Հայաստանը մերժել էր հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, դրան հաջորդեց նոյեմբեր ամսին նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Այս տարի հունվար ամսին հայտնի դարձավ նաև այն, որ Հայաստանը հրաժարվել է հյուրընկալել ՀԱՊԿ «Անկոտրում եղբայրություն» խորագիրը կրող զորավարժությունները ՀՀ տարածքում:

Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն աննպատակահարմար է համարում ընթացիկ տարում Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների անցկացումը: «ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս, այս տարի չեն կայանա»,- հայտնել էր Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ՀՀ իշխանությունները պարզապես իրենց այս որոշմամբ շարունակում են այն, ինչ սկսել են:

Ռազմագետն ասաց, որ դեռևս դրվել են համեստ նպատակներ՝ մինիմալի հասցնել Հայաստանի ներգրավվածությունը ՀԱՊԿ-ին, անընդհատ ազդանշաններ ուղարկել Ռուսաստանին, դժգոհություն ցույց տալ:

Նրա որակմամբ՝ այս տեմպով շարունակվելու դեպքում Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը կսկսի ընդհանրապես արհեստական բնույթ կրել, ապա անդամակցությունը դադարեցնելը պարզապես կդառնա կարճ տեխնիկական հարց: Խրամչիխինը չի բացառում նաև, որ այս քայլով հայկական կողմը փորձում է հաճոյանալ Արևմուտքին, քանի որ, եթե Հայաստանը վերջնականապես աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում Արևմուտքի օգտին, Արևմուտքն ակնկալում է, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը:

«Ընդհանրապես ՀԱՊԿ-ը մշտապես էլ խնդրահարույց է եղել իր բնույթով, ՀԱՊԿ աշխատանքներում մշտապես տարաձայնությունների լուրջ գործոն է եղել, սակայն դա հնարավորինս հարթվել է Ռուսաստանի կողմից: Եթե չեմ սխալվում, ՀԱՊԿ-ը լքելուն վերաբերող հայտարարություններ կամ ակնարկներ Արևմուտքի կողմից հնչել են, բայց քանի որ Արևմուտքի կողմից չկան նաև հստակ այլ երաշխիքներ, իսկ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը չափազանց փխրուն ու անկայուն է, Հայաստանն անդամակցությունը դադարեցնելու որոշում չի կայացնում, զգուշանում է, ինչպես նաև սպասում է գլոբալ պատերազմի արդյունքներին: Բացի այդ, Արևմուտքը նախընտրում է, որ Ռուսաստանից աշխարհաքաղաքական ցանկացած անջատում տեղի ունենա, ավարտվի, որից հետո իրենք կմտածեն՝ առաջարկե՞լ ինչ-որ եվրոպական ինտեգրացիոն հեռանկար, թե՞ ոչ:

ԵՄ առաքելության մուտքը ՀՀ ևս առանցքային իրադարձություն  էր, որը Հայաստանի կողմից որոշակի անվտանգային մեխանիզմ է դիտարկվում, Հայաստանում հույս ունեն, որ ապագայում ՀՀ-ն ավելի լուրջ անվտանգային երաշխիքներ կստանա Արևմուտքից, այդ պատճառով ՀԱՊԿ-ի ուղղությամբ անընդհատ նման քայլեր են նախաձեռնվում, և սա կշարունակվի:

Եթե Ռուսաստանի օգտին իրավիճակ փոխվի, գուցե այս գիծն այս ձևով չշարունակվի, սակայն սա Հարավային Կովկասում մեր տեսած ամենաթեժ աշխարհաքաղաքական պայքարի փուլերից է, երբ Արևմուտքը որոշակի հաջողություններ է գրանցել աշխարհաքաղաքական հավասարակշռության հարցում, որն էլ իրեն զգացնել է տալիս»,- մեկնաբանեց Խրամչիխինը:

Տեսանյութեր

Լրահոս