Սի Ծինփինը երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում
14-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (խորհրդարան) առաջին նստաշրջանի պատվիրակներն այսօր միաձայն քվեարկել են Սի Ծինփինին աննախադեպ երրորդ հնգամյա ժամկետով Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրելու օգտին։
Քվեարկությանը մասնակցել է 2 952 մարդ։ Սի Ծինփինի վերընտրությունը հնարավոր դարձավ 2018 թ.-ին Չինաստանի Սահմանադրության փոփոխություններից հետո. այժմ միևնույն անձը կարող է անսահմանափակ թվով զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը։
2022 թ. հոկտեմբերին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարից հետո Սի Ծինփինը նաև երրորդ ժամկետով վերընտրվել Էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Սի Ծինփինը ծնվել է 1953 թ.-ին Պեկինում՝ չինացի նշանավոր հեղափոխական և քաղաքական գործչի ընտանիքում։ 1974 թ.-ին նա ընդունվել է Չինաստանի Երիտասարդության կոմունիստական միության շարքերը և հետագայում զբաղեցրել գավառային և նահանգային մակարդակի մի շարք կուսակցական պաշտոններ:
1999-ից մինչև 2002 թ.-ը եղել է Ֆուցզյանի արևելյան նահանգի նահանգապետ, 2007 թ.-ին ընտրվել է Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ, իսկ 2008 թ.-ի մարտին դարձել է ՉԺՀ-ի փոխնախագահ։ Սի Ծինփինը Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և Չինաստանի Կոմկուսի Ռազմական խորհուրդը գլխավորել Է 2012 թ.-ի նոյեմբերին, իսկ 2013 թ.-ի մարտին նա զբաղեցրել է պետության ղեկավարի և ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը: