Հայաստանը հերթական անգամ մերժո՞ւմ է ՀԱՊԿ-ին

Հայ-ռուսական հարաբերություններում և Հայաստան-ՀԱՊԿ արդեն իսկ խնդրահարույց համագործակցության շրջանակում հերթական աղմուկն է հասունանում:

«Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքն այսօր տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Տեղեկատվության հավաստիությունը պարզելու համար 168.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ, ով սովորաբար անհասանելի է լրատվամիջոցների համար, և այս անգամն էլ բացառություն չէր:

Իսկ ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ չի տիրապետում նման տեղեկատվության, ավելին՝ այդ մասին լսում է առաջին անգամ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո ՀԱՊԿ բոլոր առաջարկներն արդեն պաշտոնապես մերժելու ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, այս տեղեկությունը լիովին տեղավորվում է վերջին ամիսների այս քաղաքականության շրջանակում: Հիշեցնենք, որ անցնող ամիսների ընթացքում Հայաստանը մերժեց հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, դրան հաջորդեց նոյեմբեր ամսին նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։

Այս տարի հունվար ամսին հայտնի դարձավ նաև այն, որ Հայաստանը հրաժարվել է հյուրընկալել ՀԱՊԿ «Անկոտրում եղբայրություն» խորագիրը կրող զորավարժությունները ՀՀ տարածքում:

Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն աննպատակահարմար է համարում ընթացիկ տարում Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների անցկացումը:

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս, այս տարի չեն կայանա»,- հայտնել էր Փաշինյանը:

Հարկ է նաև նշել, որ դեկտեմբերից սկսած հայկական կողմը Լաչինի միջանցքի փակ իրավիճակի պատճառաբանությամբ հրաժարվում է ընդունել ՌԴ ԱԳՆ՝ Մոսկվայում Միրզոյան-Լավրով-Բայրամով ձևաչափով հանդիպման առաջարկը:

Սա, իհարկե, չի վերաբերում է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, սակայն լավագույնս արտացոլում է այն արտաքին քաղաքական գիծը, որը տանում են ՀՀ իշխանությունները՝ ընդդեմ Ռուսաստանի և ՌԴ առաջնորդած ինտեգրացիոն կառույցների:

Տեսանյութեր

Լրահոս