
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ:
Հրթիռի արձակման մասին հայտնել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն։ Ըստ Yonhap-ի՝ Փհենյանի կողմից հրթիռի արձակումը նախորդում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև լայնամասշտաբ զորավարժություններին, որոնք պետք է սկսվեն հաջորդ շաբաթ: Սեուլի տվյալներով՝ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին (Երևանի ժամանակով՝ 13:20-ին) Նամփո քաղաքից:
«Հսկողությունն ու զգոնությունն ուժեղացնելուն զուգահեռ մեր զինվորականները, Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ, պահպանում են լիակատար պատրաստականություն», – ասված է հարավկորեացի զինվորականների հայտարարության մեջ:
Փետրվարին Փհենյանը Սեուլին և Վաշինգտոնին խոստացել էր աննախադեպ խիստ պատասխան գործողություններ ձեռնարկել, եթե վերջիններս շարունակեին համատեղ զորավարժությունների իրենց ծրագրերը: Հյուսիսային Կորեան այդ զորավարժությունները դիտարկում է որպես պատերազմի նախապատրաստում: