Երկրաշարժից հետո ռուսների շրջանում կիսով չափ նվազել է Թուրքիայում բնակարանների գնումը

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ու հաջորդած հազարավոր հետցնցումներից հետո ռուսների շրջանում կտրուկ նվազել է այդ երկրում բնակարան գնելու ցանկությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի անշարժ գույքի շուկայի առաջատար ընկերություններից մեկի (Mars Investment) ղեկավար Հաքան Բուջաքը՝ մասնավորեցնելով, որ ռուսների շրջանում պահանջարկը նվազել է 40-50 տոկոսով: Ըտս նրա՝ արտասահմանցի գնորդները զգայուն են շենքերի սեյսմակայունության հարցում, և երկրաշարժից հետո անշարժ գույք գնելիս հաճախ հաշվետվություն են պահանջում տվյալ շենքի սեյսմակայունության վերաբերյալ:

Ոլորտի մասնագետներից Ֆաթիհ Էրգյուվենն էլ տեղեկացրել է, որ այս գործընթացն ամենաշատն անդրադարձել է Ստամբուլի վրա, քանի որ ակտիվացել են խոսակցություններն առաջիկա տարիներին Ստամբուլում հնարավոր երկրաշարժի մասին:

Հաքան Բուջաքի տեղեկացմամբ՝ երկրաշարժի ռիսկի պատճառով ռուսները Ստամբուլում սկսել են ավելի քիչ բնակարան գնել, փոխարենը չի նվազել Անթալիայում բնակարանների պահանջարկը: Բայց այստեղ ևս օտարերկրացիները բնակարան գնելիս ավելի շատ են հետաքրքրվում շենքի ամրության մասին:

Տեսանյութեր

Լրահոս