«Մեր հարցերի պատասխանները չստացանք Փաշինյանից. նորից շեղվեց, գնաց հին պատմություններ, նախկիններ, 30 տարի առաջ». Սամվել Լուլուկյան
Մարտի 2-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործելով՝ հանդիպել է նաև հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ ու պատասխանել է նրանցից մի քանիսի հարցերին։
Հանդիպումը սկսվեց այցի և ստացած տպավորությունների մասին Փաշինյանի կարճ հաշվետվությամբ: Հերթով թվարկեց, որ տնտեսական խորը խնդիրներ, ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենա, բայց լավ լուր չունենք արտաքին միջավայրի և անվտանգության առումով: 9 րոպեանոց խոսքից հետո ներկաներին հարցեր տալու հնարավորություն տվեց: Առաջինը Փաշինյանին հարց ուղղեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։
Նրա՝ Փաշինյանին ուղղված հարցը հիմնականում վերաբերում էր Արցախին ու Արցախի ինքնորշման իրավունքին։
168.am-ի խնդրանքով Սամվել Լուլուկյանը պատասխանեց այս հանդիպման և մի քանի այլ թեմաների վերաբերյալ հարցերին։
– Պարոն Լուլուկյան, Դուք ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, արդյո՞ք հաջողվեց ստանալ ձեր բարձրացրած հարցերի պատասխանները։
– Ցավոք, մեր հարցերի պատասխանները չստացանք։ Կոնկրետ իմ հարցադրմանը պատասխան չտվեց, իմ հարցի հիմնական ուղղվածությունը վերաբերում էր Արցախի ինքնորոշման իրավունքին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, որը ներկայացրել են՝ ընտրողներից ձայներ կորզելու համար, և փաստացի այսօրվա քաղաքական թիմը չի օգտագործում Արցախի ինքորոշման իրավունքի գաղափարը։ Նրանք միայն խոսում են արցախահայության իրավունքների մասին, դրանից խոսում է նույն Ալիևը։ Փաստորեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին՝ ընդգծելով, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, բայց Նիկոլ Փաշինյանն այդտեղ շատ տարօրինակ ձևով, որպես Հայաստանի վարչապետ, նորից խոսում է միայն արցախահայության իրավունքների մասին։ Նա կոնկրետ իմ հարցադրմանը չպատասխանեց, նորից շեղվեց, գնաց հին պատմություններ, նախկիններ, 30 տարի առաջ և այլն։ Վերջում էլ ասաց, թե իմ հարցին չի պատասխանել, քանի որ ընդլայնել եմ հարցը, այդ պատճառով էլ դետալներին չգնաց։ Չպատասխանելով հարցիս, փորձեց այդ ամբողջը շեղել։
– Գերմանիայից ուշադրությամբ հետևում եք Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և քաղաքական զարգացումներին: Արդեն 83-րդ օրն է՝ շրջափակման մեջ է Արցախը: Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն ինչի՞ կհասցնի, Ձեզ կարծիքով՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստանին ու Արցախին։
– Ինչպես մենք ենք նկատում՝ իրենք ամբողջությամբ ձեռքերը լվացել են Արցախից, առհասարակ Արցախի ինքնորոշման իրավունքից։ Եթե իրենք նման քաղաքականությունը շարունակեն, ցավոք, Արցախը հայաթափվելու է, այս առումով ապագան լավ չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ հարցադրման նպատակը հենց դա էր, որ մենք կարող ենք օգտագործել Արցախի ինքնորոշման իրավունքը, նաև օգտագործել Բերձորի միջանցքի փակման հարցը՝ ինչպես Կոսովոյի տարբերակն էր։ Այսինքն՝ ուզում էի ասել, որ քաղաքական ասպարեզում այդ հնարավորությունը կա, և հարցը կարող ենք լուծել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ցավոք, նման պայմաններում լավ ապագա չենք կարող տեսնել Արցախին, ինչպես նաև Հայաստանին։
– Սփյուռքը մեծ լոբբինգ է իրականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Այժմ Հայաստանն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Նախկինում ևս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանք տարվել է, սակայն ՀՀ բոլոր ղեկավարներն ընդգծել են առանց նախապայմանների բանակցությունների պայմանը: Այսօր Թուրքիան շարունակում է նախապայմաններ դնել, նման իրավիճակում Թուրքիայի հետ կարգավորումը որքանո՞վ է բխում Հայաստանի շահերից, ի՞նչ նախապայմաններով են ընթանում բանակցությունները:
– Նախ պետք է հստակեցնենք ու արձանագրենք՝ արդյո՞ք այդ հանդիպումներն ու բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։ Շատ հստակ Թուրքիան հայտարարել է, որ քանի դեռ Ադրբեջանի հետ ձեր հարցերը չեք լուծել՝ հարաբերություններ չենք հաստատելու։ Այսինքն՝ այստեղ հստակ է ու ակնհայտ է, որ արդեն նախապայման կա Արցախի հետ կապված։
Մենք Փաշինյանի հետ հանդիպմանն ուզում էինք նաև երկրորդ հարցը հնչեցնել։ Մեր վարչության ատենապետը, սակայն, ժամանակի սղության պատճառով չկարողացավ։ Պետք է հարցնեինք, որ սփյուռքը, հատկապես գերմանահայությունն ունի «կարմիր գծեր», և մենք երբեք չենք հանդուրժի, եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հայկական կողմը հրաժարվի, և դա լինի Թուրքիայի կողմից նախապայման, և հենց սա լինի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գինը։ Սա սփյուռքի համար «կարմիր գիծ» է, մենք ուզում էինք հնչեցնել սրա մասին հանդիպմանը, ցավոք, ժամանակ չեղավ։
Հարևանների հետ հարաբերություններ հաստատելը նորմալ է, բայց ի՞նչ գնով։ Թուրքիան ազնիվ մղումներ չունի և նախապայմաններ է թելադրում։ Կարծում եմ՝ նման պայմաններում, հատկապես պատերազմից հետո նման թույլ վիճակում կանգնելու ենք դժվարին խնդրի առջև։
Մենք վերջերս հանդիպել ենք Ցեղասպանության դատապարտման բանաձևի համահեղինակներից մեկի հետ, նա շեշտադրեց, որ մշտապես հայ համայնքի կողքին է, և ամբողջը դրանով չի ավարտվելու։ Այնպես չէ, որ Բունդեսթագը բանաձևն ընդունեց, ու դրանով հարցն ավարտվում է, մենք շարունակելու ենք պայքարել այդ ուղղությամբ։ Մեր ինքնության, սփյուռքի համար սա կարևորագույն խնդիր է, մենք երբեք սա չենք հանդուրժի:
– Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները սփյուռքի մի խումբ հայ գործիչների մուտքը Հայաստան, որպես անցանկալի անձ, արգելեցին։ Դուք մտավախություն չունե՞ք, որ այդ վարքագիծը նաև Ձեր նկատմամբ կկիրառեն։
– Ես որևէ մեկից վախ չունեմ, միայն Աստծո առաջ վախ ունեմ։ Առաջին անգամ չէ, որ ինքս հրապարակայնորեն խոսում եմ այս թեմաների շուրջ։ Ինձ համար կարևոր չէ, որ ես նայեմ, թե իմ ելույթներից ու հարցազրույցներից հետո ինչ տեղի կունենա։ Ես այդ ամենն անում եմ իմ ունեցած սկզբունքների ու գաղափարների հիման վրա, հայ լինելով եմ այդ կարևորագույն հարցերը շոշափում և այդ պահին չեմ մտածում, թե ինչ տեղի կունենա ինձ հետ, դա ինձ համար կարևոր և էական չէ։ Մենք դատապարտում ենք սփյուռքի կարևոր հայ գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքը, հատկապես՝ Մուրադ Փափազյանի հետ կապված, նա մեր սփյուռքի կարկառուն դեմքերից է և Հայ դատի համար մեծ գործունեություն է ծավալել Ֆրանսիայում։ Նման հայամետ գործչի մուտքը հայրենիք արգելելն անընդունելի եմ համարում։ Յուրաքանչյուր հայ կարող է իր կարծիքը հայտնել, եթե այսօր մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, ապա դա միայն Հայաստանի հարցը չէ, այլ համայն հայության, որովհետև Հայաստանն առանց սփյուռքի չի կարող ինչ-որ քայլերի դիմել՝ առանց նրա կարծիքը հաշվի առնելու։