Կառավարությունը 1.1 միլիարդ հատկացրեց նոր կայարանի կառուցման նախագծի աշխատանքների համար
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց փոփոխություն և լրացում կատարել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1.1 միլիարդ դրամ.
«Նպատակը քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի նոր մետրոյի կայարանի կառուցման նախագծային, նախահաշվային աշխատանքների ձեռք բերման և ֆինանսավորման համար տրամադրելն է»:
Սանոսյանի խոսքով՝ աշխատանքները բաղկացած են 3 փուլից.
«Արդեն առաջին փուլն իրականացվել է, հիմա աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը: Երևանի քաղաքապետարանն արդեն 543 միլիոն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Առաջարկում ենք՝ այսօր Կառավարությունը հատկացնի 1.1 միլիարդը, մնացած տարբերությունը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի»:
Կառավարության նիստին Երևանի քաղաքապետի փոխարեն արդեն որերորդ անգամ ներկա էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն էլ մետրոյի նոր կայարանի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց. նախ ասաց, որ շինարարությունը հնարավոր կլինի ավարտին հասցնել 2 տարում, ապա մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ փաստորեն ինքն իրեն ուղղեց՝ ասելով, որ մետրոյի կայարանի շինարարությունը 4 տարում հնարավոր կլինի իրականացնել.
«Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կիլոմետր և կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրոկամուրջ, որն այս պահին 2 տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով ու հեծաններով, և նոր մոդելը՝ մետաղական ֆորմայով հավաքված կամուրջ, բայց դեռ վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին:
Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն իսկ շինարարական աշխատանքներ են կատարվել, այնտեղ շենք է կառուցվել, մենք 120-140 մետր տեղափոխելով կայարանը Թումոյի նույն մայթ՝ Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել, առաջին հերթին շինարարությունն առավել ցածր արժեք է ունենալու, մոտավորապես 15 տոկոսի չափով, շինարարության ժամկետները 6 ամսով կրճատվելու են…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում