«Նիկոլը հայտնվեց իր իսկ հյուսած թակարդում․ Փախել են ինքն ու իր շրջապատը»․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վերջին օրերին էլ ավելի ինտենսիվ հանդիպումներ է ունենում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, որոնք, ըստ նրա՝ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թիրախավորվելուց հետո հերթական խորը վիրավորանքն և դավաճանված լինելու զգացողությունն են ունենում։
«Այս իշխանություններն ամեն ինչ անում են, մեզ համար անհայտ պատճառներով, որպեսզի արցախցիներն ատելությամբ լցվեն հենց իրենց նկատմամբ։ Ցավոք, այդ դրսևորումները կան։ Մեր զրույցների ընթացքում փաստում ենք, որ, լավ թե վատ, իրենք հավերժ չեն կարող իշխանության լինել, պետք է հակադարձել, պետք է արժանապատվությունը պահել, բայց երբևէ չիջնել իրենց մակարդակին և չտրվել իրենց սադրանքներին, և ցանկացած պարագայում ատելության որևէ դրսևորում անթույլատրելի է բոլոր կողմերի համար։
Կա նաև ընկճվածություն, մեծ հիասթափություն, այն աստիճանի կոտրվածություն, որ այլևս դեպի լավը մտածողները գնալով պակասում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ «իշխանությունները փորձում են դաշտից բոլոր առումներով վերացնել արցախցիներին»։

Ըստ նրա՝ իշխանությունները շատ լավ գիտեն, որ արցախցիներն իրենց չեն ընտրելու․ «Արցախցիները երբևէ այս իշխանություններին չեն կարող թև-թիկունք լինել, և հակառակը, արցախցիները ներգրավված են լինելու բոլոր այն ազգային ուժերում, որոնք փորձում են հեռացնել այս իշխանություններին։ Այսինքն՝ այդ օգնությունը լինելու է բացառապես ազգային ուժերին։ Հետևաբար՝ իրենք նախ մեր հանրության մեջ փորձելու են ցույց տալ, որ որևէ կերպ արցախցին Հայաստանի շահերից չի իր պահվածքով և արցախցին նպատակ չունի օգնելու իրենց իբրև թե այդ խաղաղությունը կերտելու։ Եվ իրենք պետք է ամեն կերպ ներկայացնեն, որ արցախցին վրեժ ունի լուծելու Հայաստանից, ինչն իրականությանը չի համապատասխանում»։
Անդրադառնալով մետրոյի հայտնի միջադեպին, նա նշեց, որ Փաշինյանը հայտնվեց իր իսկ հյուսած թակարդում․
«Կարծում էր՝ լավ իրավիճակ է, արցախցի է հայտնաբերել, որին կարող էր ասել իբր այն, ինչ կա իրականության մեջ, բայց սխալվեց, որովհետև իր առջև հենց այն կինն էր, ում հայրը գիտակցաբար իր կյանքը զոհել էր, և իր երեք երեխաները մեծացել էին առանց հոր, բայց հոր գեներից եկած արժանապատվությունը մոր դաստիարակության արդյունքում որևէ կերպ չէին կորցրել։ Ես շատ եմ վերջին օրերին ասում, որ մետրոյում կատարվածը՝ Արմինեի դիրքը, պատասխանը, կարելի է դիտարկել՝ որպես արցախցիների հավաքական պատասխան Նիկոլին։
Արցախցին այսօր հայտնվել է այս իրավիճակում, որովհետև փախել է Նիկոլը, փախել է իր շրջապատը, արցախցիներին թողել են մենակ՝ մի քանի պետության դեմ»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



