Մարտի 1-ի զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից 15 տարի անց Երևանի Մանկական այգում բացվեց Մարտի 1-ի 10 զոհերին հիշատակին նվիրված հուշարձան: Հուշարձանի բացման արարողության մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը,
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք և Մարտի 1-ի զոհերի ընտանիքների անդամները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ընդգծեց, որ այսօր ոգեկոչում են Մարտի 1-ի զոհերի հիշատակը և վերհիշում 2008 թվականի մարտի 1-ի և դրան նախորդող իրադարձությունները: «Ես ուզում եմ ընդգծել, որ Մարտի 1-ը սգի օր չէ, որովհետև, իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի, և մեր զոհված եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը բոլորովին այլ բանի մասին է: Ես վերջերս՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ամենատարբեր հարթակներում առիթ ունեցա ասելու, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ են դառնում, այլ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց: Սա նաև իմ անձնական հետևությունն է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից, որովհետև գիտեք, որ ես անձամբ էլ էականորեն ներգրավված եմ եղել այդ իրադարձություններին և հետևությունը դրանում է, որ իրականում Մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր, ժողովրդի ազատ կամարտահայտությունը կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելուց զրկելու մասին էր: Եվ մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք: Եվ առնվազն այդ մասով Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև ՀՀ-ում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու: Ուզում եմ ասել, որ դրա երաշխավորը ՀՀ ժողովուրդն է, որը ի վերջո, 30 ամյա պետականության ընթացքում ճշգրտել և ճշգրտում է իր նպատակակետերը և իր նպատակակետը անկախ, ինքնիշխան, ուժեղ պետությունում ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու տեսլականն է, ազատ և երջանիկ կյանքով ապրելու տեսլականը»,- ասաց վարչապետը:
Նա հավելեց՝ Մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը ունենք որպես անկախ երկիր: Վարչապետի խոսքով՝ Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականին սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատ ժամանակները, որոնք պետք է օգտագործվեին պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար: «Ուզում եմ, որ մենք հենց այս իմաստով դիտարկենք Մարտի 1-ը, որովհետև դա ոչ թե պատճառ է, այլ հետևանք: Մեր բոլոր խնդիրները ոչ թե պատճառ են, այլ հետևանք, հետևանք են մեր՝ ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, չափից ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերելու շատ երևույթների նկատմամբ, և այս հուշարձանը մեզ համար պետք է տեսանելի վկայություն լինի այն մասին, թե ինչով ենք մենք զբաղված ամեն օր, ինչ ենք մենք կառուցում վաղվա համար, որովհետև այսօրն այսօր է՝ որպես երեկվա հետևանք, վաղը այսօր է լինելու էլի որպես երեկվա հետևանք, և հետևաբար վաղը կառուցվում է այսօր, և ամեն օր մեզնից յուրաքանչյուրն է կառուցում այդ վաղվա օրը: Եվ Մարտի 1-ի զոհերը, ընդհանրապես մեր անկախության և ինքնիշխանության, քաղաքացիական իրավունքների, ժողովրդավարության համար ընկած մեր բոլոր եղբայրների օրինակը մեզ պետք է անընդհատ պարտադրի վերադառնալ հարցին՝ ի՞նչ ենք մենք անում, ի՞նչն ենք ճիշտ անում, ի՞նչն ենք սխալ անում, որտե՞ղ է, որ մենք համոզված ենք, որ ճշմարիտ ենք ընկալում իրականությունը: Ես ուզում եմ Մարտի 1-ին զոհված մեր եղբայրների հիշատակը ոգեկոչելով՝ հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել ՀՀ քաղաքացուն՝ որպես հավաքականություն և յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին: Նրանք այսօր ՀՀ պետականության, ինքնիշխանության, անկախության և ապագայի երաշխավորն են, և մենք պիտի ամեն ինչ անենք և ամեն ինչ կանենք, որպեսզի արժանի լինենք Մարտի 1-ի մեր զոհերին, 44-օրյա պատերազմի, սեպտեմբերյան ագրեսիայի, Արցախի առաջին պատերազմի զոհերին, հայրենիքի, ազատության, օրինականության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր բոլոր քաղաքացիներին: Բայց մեր վերջնական նպատակն այն է, որ մենք ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարության, իրավունքի և ազատության համար, ոչ թե անընդհատ զոհվելու, այլ այդ ամեն ինչով ապրելու, մեր պետություն զարգացնելու և շենացնելու տրամաբանության մեջ հայտնվենք, որովհետև բավ են զոհերը, որովհետև մեր նպատակակետը մեր ապրելու ժամանակն է, և այս օրը հենց դա է խորհրդանշում»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ից 15 տարի անց մասնակից են Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: «Մարտի 1-ի խորհուրդը մեզ մի դաս է տալիս, որ երբևէ իշխանությունը և ժողովուրդը բաժանարար գծեր չպետք է ունենան: Եվ երբ իշխանությունը, ժողովուրդը այդ գծերն ունեն, դա հանգեցնում է ոճրագործությունների, ինչպիսին է Մարտի 1-ը»,- նշեց Ավինյանը:
Ելույթ ունեցած նաև հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը: «Ստեղծագործությունն արվել է ի սրտե, որովհետև այդ ցավը բոլորս ենք ապրել: Բավականին բարդ աշխատանք էր, որ կատարվեց իմ և իմ ընկերների կողմից, ովքեր ինձ շատ աջակցել են, և արդյունքում ստացանք այն, ինչ այսօր տեսնում ենք: Սա մեր կողմից ձոն է մեր ժողովրդին և իշխանություններին, որ այլևս նմանատիպ օրեր չտեսնենք: Եթե ինչ-որ հակասություններ են լինելու, թող դրանք լինեն գաղափարական»,- ասաց նա՝ ցավակցելով Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: