Արմեն Ղուլարյանը հաստատում է՝ Կիրովի այգին իր եղբորն է տրվել՝ վարձակալությամբ

Այսօր ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ամբիոնից հրապարակեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու ընտանիքին պատկանող ունեցվածքի մասին տեղեկությունը, մանրամասնելով, որ Արմեն Ղուլարյանը և նրա հետ փոխկապակցված անձինք ունեն ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում և Երևանում։

«Երևանի քաղաքապետարանի դիմացի Կիրովի այգին վարձակալությամբ հանձնվել է ձեր եղբորը  մոտ 2,2 մլն դրամով։ Եվ որպես երկու երեխաների մայր՝ ասեմ, որ այն Երևանի ամենափնթի այգիներից մեկն է։

Ներկայացնեմ ձեր ունեցվածքը և ակնկալեմ, թե ինչպես եք կարողացել՝ լինելով պետական պաշտոնյա, ձեզ հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցել տարբեր գույքեր, հասկանալի է, որ եղանակը եղել է այդպիսին»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն արձագանքելով Թագուհի Թովմասյանի հնչեցրած, ինչպես ինքը բնորոշեց՝ «սուտ» հայտարարություններին, հակադարձեց.

Կարդացեք նաև

«Ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ իմ որդիներն ապրում են իմ հայրական տանը՝ Իջևանում։ Ես ապրում եմ Երևանում՝ Կոմիտասում, 2 սենյականոց բնակարանում։ Որևէ նման անհամար քանակներ չկան, կրկնում եմ՝ դա սուտ է։ Հակակոռուպցիոն բոլոր մարմինները և համապատասխան իրավական մարմինները կարող են լիարժեք այդ բոլորը և նայել, և ճշտել ու համապատասխան իրավական գործողություններ կատարել։ Ես իմ հայտարարագրերը սահմանված կարգով ներկայացնում եմ ժամանակին, և կարող եք նայել, ճշտել ու մանրազնին դիտել»։

Նրա խոսքով՝ իր եղբայրը, մոտ 30 տարի է՝ բիզնեսով է զբաղվում, ինչը  օրինական է, և նրա ամբողջ գործունեությունը թափանցիկ է։

«Ինչ վերաբերում է Կիրովի այգուն, ապա ցավում եմ, որ դուք այդ այգում ընդհանրապես չեք եղել, որովհետև այդ այգին շատ մաքուր այգի է, այնտեղ մեկ ծառ անգամ կտրված չէ այս տարիների ընթացքում։ Տարիների ընթացքում շատերն են փորձել այդ այգուն այլ կերպ մոտենալ, բայց շնորհիվ իրեն՝ այգին պահպանվել է։ Այսօր էլ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ են արվում»,- հավելեց Արմեն Ղուլարյանը։

Արմեն Ղուլարյանի ելույթից հետո Թագուհի Թովմասյանն արձագանքեց նրա պատասխանին, ընդգծելով, որ ԱԺ ամբիոնից Արմեն Ղուլարյանը ստել է։

«Ես պատրաստ եմ իմ հնչեցրած յուրաքանչյուր տողի համար ապացուցողական մեծ բազա տրամադրել հնարավոր բոլոր հետաքրքրվողներին։ Իսկ եթե պարոն Ղուլարյանը շատ ազնիվ է, ապա առաջակում եմ դիմել դատարան, դատարանում բոլոր փաստերը կներկայացնեմ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս