«Թուրքիայի նախագահները ՀՀ նախագահների հետ հանդիպմանն ունեին բարդույթ, քանի որ հանդիպում էին իրենց եղբորը հաղթած ղեկավարների. այսօր այդ բարդույթը չկա»

«Շատերիս հայտնի է, որ Թուրքիան Հայաստանի անկախացումից ի վեր իր առջև դրել է մի քանի նախապայման, որոնք տարբեր տարիների տարբեր ձևակերպումներ են ունեցել։ Եթե ամփոփ ձևակերպումները տամ, ապա հետևյալն է՝ Արցախի Հանրապետությունը Թուրքիան չի ճանաչում, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը չի ճանաչում, և նրա հստակ պահանջն է՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության խնդիրն է, Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ, ուրանում է այդ փաստը և պահանջում, որպեսզի Հայաստանը և հայությունը նույնպես դա հանեն իրենց քաղաքական առաջնահերթությունից։

Երրորդը՝ սահմանների ճանաչում, այսինքն՝ պատմական հիշողության ուրացում և հայության հավաքական հիշողության մեջ «պատմական հայրենիք» եզրույթի իսպառ վերացում»,- այս մասին «Հայաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան. Արցախի հարցը երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ  Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա, Թուրքիայի այս նախապայմաններին այժմ գումարվել են այլ պայմաններ, որոնցից ամենահայտնին «Զանգեզուրի միջանցքն» է։ Բոլոր այս նախապայմանները շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում, և վերը նշված երեք նախապայմանների պատճառով է, որ Հաայստանը երկար տարիներ չի կարողացել հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ չնահանջելով իր սկզբունքային կետերից։

Կարդացեք նաև

Հիմա արդյոք որևէ կողմից կա՞ նահանջ, և արդյո՞ք այս հարցերն իրենց վտանգավորությունը կորցրել են. ըստ թուրքագետի՝ ոչ։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այսօր էլ Թուրքիան հստակ ասում է, եթե Հայաստանն իր հարաբերությունները կկարգավորի Ադրբեջանի հետ և կստորագրի «Խաղաղության պայմանագիր» և որի համապատկերում Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, ապա Թուրքիան հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ։

«Թուրքիան չի նահանջել, չի փոխել իր դիրքորոշումը և չի հրաժարվել, և հարցն իր վտանգավորությունը շարունակում է պահպանել։ Եթե կա զիջող, ապա դա Հայաստանի այս պահի իշխանությունն է, որը կարծես թե այս գործընթացում որևէ անհանգստացնող խնդիր չի տեսնում։

Թուրքիան շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը, նույնիսկ երկրաշարժի բարդ իրավիճակում Թուրքիան ակտիվորեն արձագանքում է Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված ցանկացած հարցի։

100 տարի առաջվա Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ իշխանության համար լիովին անիմաստ է, քանի որ, եթե նա զբաղված է 30 տարի առաջվա պատմության ամնեզիայով, ուրանում է 30 տարի առաջվա հաղթանակները, ապա ցեղասպանության խնդիրն անիմաստ է համարում։

Տարիներ շարունակ Հայաստանը հայտարարել է, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց դեմ է նախապայմաններին, սա եղել է  հստակ պետական գիծ։

ՀՀ երեք նախագահներն էլ դեմ չեն եղել այդ հարաբերություններին, նրանք բոլորն էլ Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպելու բարդույթ չեն ունեցել, որովհետև եղել են հաղթած պետականության նախագահներ։ Թուրքիայի նախագահները, այդ թվում՝ Էրդողանը, ՀՀ նախագահների հետ հանդիպմանն ունեին բարդույթ, քանի որ հանդիպում էին իրենց եղբորը հաղթած ղեկավարների, իսկ այսօր այդ բարդույթը չկա։

Այսօր Հայաստանը ներկայացնում է պարտված իշխանություն, և պարտվածի հետ հանդիպելը, արևելյան ընկալմամբ, ոչ միայն կարելի է, այլև ցանկալի, քանի որ հանդիպելով՝ ևս մեկ անգամ ամրագրում ես քո հաղթանակը, գուցե նաև՝ քո վեհանձն լինելը»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս