Մյունխենից հետո՝ զանգ Պուտինին. Ինչ են խոսել ու ինչպես է ներկայացվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու մասին լուրը ստվերեց նախօրեին նույն ժամանակահատվածում տեղի ունեցած ոչ պակաս ուշագրավ իրադարձություն՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց, զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին, և Փաշինյանը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը, միաժամանակ ընդգծելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը:

«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում, որը, ըստ էության, ներկայացված էր այն նույն հռետորաբանությամբ, ինչ որդեգրել են ՀՀ իշխանությունները վերջին շրջանում՝ Ռուսաստանից դժգոհության ու պահանջների տրամաբանությամբ:

Սակայն պաշտոնական Կրեմլինի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Ռուսական կողմի տարածած հաղորդագրությունը ևս ուշագրավ նյուանսներ է պարունակում, և ըստ այդ հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ իր մյուս զրույցների մասին։

Կարդացեք նաև

«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի գործնական իրականացման հարցեր՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով։ Անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս հարցի շուրջ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն»,- ասված էր Կրեմլինի տարածած հաղորդագրությունում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ կողմերից յուրաքանչյուրը հաղորդագրությունը ներկայացնում է այնպես, ինչպես պատկերացնում է այդ հարաբերությունները. ռուսական կողմը պատկերացնում է, որ ՀՀ ղեկավարությունը պետք է հաշվետվողական լինի իր դաշնակցի առջև, իսկ հայկականը մատնանշում է, որ Ռուսաստանից քայլեր են ակնկալվում:

Իսկ իրականում, ըստ նրա, պաշտոնական շեշտադրումները ոչ միշտ է, որ առնչություն ունեն խոսակցության իրական բովանդակության կամ տոնայնության հետ:

«Իսկ իրականում Արևմուտքի հետ ակտիվ երկխոսության և Արևմուտքի հովանու ներքո բանակցությունները հետագայում շարունակելու ֆոնին՝ զանգը ՌԴ որոշակի զգուշավորության դրսևորում է, քանի որ չկա վստահություն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հետ կապված: Այնուամենայնիվ Մյունխենում կողմերը տվել են համաձայնություն շարունակելու բանակցությունները Բրյուսելում:

Պրահայից հետո ստեղծված դադարից հետո Արևմուտքը նոր թափով է անցել Հարավային Կովկասում գործունեությանը, դա ակնհայտ է, բացի Մյունխենի պայմանավորվածությունները, որոնք հրապարակային ներկայացվեցին նաև Պետդեպարտամենտի կողմից, ԵՄ ներկայացուցիչը եկավ անմիջապես ռեգիոն վերջնական համաձայնությունները ֆիքսելու՝ ղեկավարների մակարդակով առաջիկա հանդիպման համար: Հայկական կողմը նկատում է, որ Ռուսաստանն այս պահին ոչինչ չի պարտադրում Հայաստանին՝ Հարավային Կովկասում իր քաղաքականությունը շարունակելով այն գործիքներով, ինչ հնարավոր է, առանց ավելորդ շտապողականության, քանի որ գլոբալ քաղաքականությունը Ռուսաստանը կապակցում է ուկրաինական ելքի հետ: Իսկ Հայաստանն այնուամենայնիվ ևս չգիտի, թե ինչպիսին կլինի այդ ելքը և երբ, ուստի սա որոշակի զգուշացնող հանգամանք է աշխարհաքաղաքական ռևերանսների դեպքում:

Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի բովանդակությանը, ապա չեմ կարծում, որ շատ այլ թեմաներ են քննարկվել, ինչ ներկայացվել է պաշտոնապես, քանի որ այս պահին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից ու համաձայնագրի բանակցություններից բացի, այլ օրակարգ չկա, իսկ վերջինի առնչությամբ կարծես առաջիկա բանակցությունները լինելու են Արևմուտքում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս